Home / Հայաստան / Կարմիր Խաչը չի մեկնաբանում՝ որ կողմը կարող էր նախաձեռնել կրակոցները իր մեքենայի վրա

Կարմիր Խաչը չի մեկնաբանում՝ որ կողմը կարող էր նախաձեռնել կրակոցները իր մեքենայի վրա

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունն ափսոսանքով է հայտնում, որ հուլիսի 26-ին տեղի ունեցած կրակոցների պատճառով ստիպված է եղել կասեցնել իր նախաձեռնությունը՝ ուղղված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչների բերքահավաքին աջակցելուն: Այս մասին ասված է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ կազմակերպության մեքենան տուժել էր ադրբեջանական կողմից արձակած կրակոցներից։

«Համաձայն զինված հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանն աջակցելու իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն համաձայնել էր ներկա գտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանագծին գտնվող Չինարիի արտերում՝ բերքահավաքի աշխատանքների կատարման ընթացքում:

Նշված օրը կրակոցներից ոչ ոք չի տուժել, սակայն ԿԽՄԿ-ի մեքենային հասցվել է որոշակի վնաս: Նախքան միջադեպը՝ ԿԽՄԿ-ի ներկայությամբ գյուղացիները կարողացել են անվտանգ պայմաններում մշակել հողատարածքների չորս հեկտարը:

ԿԽՄԿ-ի քաղաքականությունն է անվտանգության հետ կապված խնդիրները հասցեագրել համապատասխան իշխանություններին՝ գաղտնի երկխոսության միջոցով: Այսպիսով, ԿԽՄԿ-ն հրապարակավ չի մեկնաբանում նմանօրինակ միջադեպերի հանգամանքները, ինչպես նաև թե որ կողմը կարող էր նախաձեռնել կրակոցները: Իր քաղաքականությամբ ԿԽՄԿ-ն հնարավորություն է ստեղծում երկխոսելու իշխանությունների հետ, որպեսզի կարողանա շարունակել իր գործունեությունը՝ ի նպաստ զինված հակամարտությունների հետևանքներից տուժող մարդկանց:

ԿԽՄԿ-ն պատրաստակամ է աշխատելու հօգուտ միջազգային սահմանագծի մերձակայքում ապրող քաղաքացիական բնակչությանը և կշարունակի իրականացնել սահմանամերձ տարածքներում իր մյուս նախաձեռնությունները», – ասված է ԿԽՄԿ-ի հայտարարության մեջ: