Home / Տեսանյութեր / «Ինչքա՞ն կարելի է բութ լինել»․ Գասպարին մատնանշում է ոստիկանության սխալը

«Ինչքա՞ն կարելի է բութ լինել»․ Գասպարին մատնանշում է ոստիկանության սխալը

Քաղաքացիական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին ոստիկանությունից հարցաքննության մասին ծանուցագիր է ստացել, որում նշված չի եղել, թե ինչ կարգավիճակով է ինքը հրավիրվում բաժին։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Գասպարին տեղադրել է իր պատասխան դիմումը, որն ուղղված է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի քննիչ Ն.Դ. Մուրադյանին։

«Ձեր ուղարկած առանց համար և առանց թվական ծանուցագրի մասին, որով հարուցված թիվ 11127614 քրեական գործով ինձ կանչում եք հարցաքննության, հայտնում եմ, որ ձեր իսկ հիշատակած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205 հոդվածը պահանջում է նշել, որ ի՞նչ կարգավիճակով է անձը կանչվում հարցաքննության:

Ես արդեն ավելի քան 5 տարի է, որ այս տարրական բաներն եմ հուշում և սովորեցնում ձեզ… Ինչքա՞ն կարելի է բութ և ապուշ լինել դա չհասկանալու համար…», – դիմումում գրել է Գասպարին։

Նա նաև նշել է, որ ոստիկանության աշխատողներին բնորոշ է տարրական ինտելեկտի և ընկալունակության բացակայությունը, հասանելի չեն տարրական հասկացությունները, ինչպես նաև բնորոշ է հանցագործ աշխարհի գործելաոճը, կամայականությունն ու զոռբայությունը։

Գասպարին ընդգծում է, որ ցանկանալով օրինականության դաշտ բերել ոստիկաններին, ինքը հետ է ուղարկում ծանուցագիրը և պահանջում՝ իր կողմից կարմիր գրիչով նշված «Հարցաքննության կանչվողի կարգավիճակը» տողը լրացնել և միայն դրանից հետո իրեն ուղարկել ծանուցագիրը:

Epress.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին նշել է, որ ենթադրաբար իրեն ոստիկանություն են կանչում Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանի հայցի պատճառով։ Գասպարին պատմել է, որ ինքը դատարանում նիստերից մեկի ժամանակ բարձր ձայնով պահանջել է պատասխանատվության ենթարկել մարտի 1-ի մարդասպաններին, ինչը դատավորը որակել է որպես խուլիգանություն և անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ ու միջնորդել է քրեական գործ հարուցել։