Home / Հայաստան / Կարմիր Խաչի ներկայացուցիչներին թույլ են տվել հանդիպել ձերբակալված ադրբեջանցիների հետ

Կարմիր Խաչի ներկայացուցիչներին թույլ են տվել հանդիպել ձերբակալված ադրբեջանցիների հետ

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը որոշել է թույլ տալ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին հանդիպել ԼՂՀ տարածքում ձերբակալված ադրբեջանցիների հետ և պատրաստակամություն է հայտնել սպանված ադրբեջանցու դիակը հանձնել Ադրբեջանին։ Այս մասին ասված է Հանձնաժողովի՝ հուլիսի 26-ին տարածած հաղորդագրության մեջ։

«Հանձնաժողովը, բարի կամք դրսևորելով, հաշվի առնելով փաստը, որ 1993 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միակողմանի ընդունել է Ժնևի 1949թ. Կոնվենցիան, իսկ 2002թ., որպես հավելում, նաև քառակողմ համաձայնագիր է կնքվել ԼՂՀ իրավապահ մարմինների և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջև, դիմել է ԼՂՀ տարածքում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների գործը քննող քննիչին՝ ձերբակալվածների հետ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների տեսակցությունը թույլատրելու խնդրանքով: Քննիչը հանձնաժողովի միջնորդությունը բավարարել է։

Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը նաև նշում է, որ, հիմք ընդունելով անօրինական կերպով ԼՂՀ տարածք մուտք գործելու և մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները, համարում է, որ ի դեմս Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի, Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի, գործ ունենք առնվազն հատուկ պատրաստվածություն անցած հանցավոր խմբի հետ, որի գործողությունների արդյունքում այս պահի տվյալներով կա 2 զոհ, այդ թվում՝ մեկը՝ անչափահաս, և մեկ ծանր վիրավոր:

Նշվածը հիմք ընդունելով՝ Հանձնաժողովը հայտարարում է, որ նշված անձանց վրա չի տարածվում «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիան, քանի որ նրանք չեն համապատասխանում կոնվենցիայով սահմանված կատեգորիաներից որեւէ մեկին, ինչպես նաև նրանց վրա չի տարածվում նաև «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիան։

Հանձնաժողովը միաժամանակ վստահեցնում է, որ նրանց նկատմամբ դրսևորվում է մարդասիրական վարվելակերպ՝ Ժնևի 4-րդ կոնվենցիայի 3-րդ մասով սահմանված նորմերի շրջանակներում, և հետագայում էլ, քրեական հետապնդման ժամանակ, նրանք օգտվելու են արդարացի դատաքննության իրավունքից:

«Ինչ վերաբերում է խմբի երրորդ՝ սպանված անդամին, Պետական հանձնաժողովն իր պատրաստակամությունն է հայտնում անձը պարզելուց և քննչական գործողությունների ավարտից հետո Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության հետ համագործակցել դիակը հարազատներին հանձնելու հարցում ևս: ԿԽՄԿ-ն կարող է զգալի արագացնել գործընթացը՝ այդ անձի ինքնությանը վերաբերող պաշտոնական հարցում ուղղելով Ադրբեջանի Հանրապետությանը և հավաստի տեղեկատվություն ստանալով», – եզրափակում են հայտարարության հեղինակները:

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ սպանվածը Հասան Հասանովն է, ում դին երեկ հողին են հանձնել Լեռնային Ղարաբաղում։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Իլահա Գուսեյնովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը մասնակցել է հուղարկավորության արարողությանը և «փաստել է հարգանքի տուրքը, որը մատուցվել է սպանվածի դիակին»։ Գուսեյնովան նշել է, որ Կարմիր խաչի միձազգային կոմիտեն շարունակում է բանակցությունները դիակը վերադարձնելու ուղղությամբ։