Home / Տեսանյութեր / Սևանը դարձել է բիզնես ու կործանման եզրին է, ահազանգում են փորձագետները

Սևանը դարձել է բիզնես ու կործանման եզրին է, ահազանգում են փորձագետները

Սևանի ավազանում էկոլոգիական լուրջ փոփոխություններ են կատարվում, ու դրա պատճառը լճի ջրի անկայուն վիճակն է։ Խնդիրներ ստեղծող պատճառն այն է, որ պետական այրերն ու կառավարման համակարգերը խաղալիքի պես խաղում են ջրի հետ՝ առանց գիտական լուրջ հիմնավորումների՝ մեկ իջեցնում են, մեկ բարձրացնում։

Խոսելով լճից 40 տոկոսով ավել ջուր բաց թողնելու կառավարության որոշման ու դրանից բխող հետևանքների մասին՝ լրագրողների հետ հանդիպմանը բնապահպան, «SOS Sevan» նախաձեռնության անդամ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը խնդրի հետ կապված մի շարք տվյալներ է ներկայացրել։

Ըստ նրա՝ փորձագետների հետազոտությունները ցույց են տվել՝ լճի ջրի որակը բավական ցածր է, և եթե շարունակվի նման վերաբերմունքը, մոտակա տարիներին կկորցնենք Սևանն ամբողջությամբ։

«Փորձագետ Սեյրան Մինասյանի կատարած ջրի վերլուծությունները բերում են մի շատ հետաքրքիր եզրահանգման՝ պետք է անզիջում պայքար սկսել լճի համար։ Գիտնականի իրականացրած փորձաքննությունը ցույց է տալիս, որ 4-5 տարում օրգանական նյութերի պարունակությունը լճի ջրերում նորմայից հասել է 3-ից 4 կարգի ախտոտվածության՝ լճի ամբողջ ծավալի 60 տոկոսով։ Սա նշանակում է, որ ջրերի կեսից շատը պիտանի չեն ոչ օգտագործման, ոչ էկոհամակարգերի, ոչ ձկների համար։ Նշված պաշտոնական թվերը վկայում են Սևանա լճի ջրերի աղետալի իրավիճակի մասին»,- ասել է մասնագետը։

Ադամյանը շեշտել է, որ լիճը ազգային անվտանգության նշանակություն ունի մեր հանրապետության համար՝ «մութ ու լույս տարիներին այդ լիճը մեզ կերակրել է, ջուր ու էնէրգիա է տվել, որով էլ ապրել ենք»։

«Նոր պատերազմից ոչ մեկը ապահովագրված չէ, տեսնում եք՝ ինչ լուրջ փոփոխություններ ունենք Ադրբեջանի հետ կապված, ու իրավիճակի լրջությունը պետք է հասկանան նաև իշխանությունները։ Այն, որ այսօր լիճը արդեն կանգնած է ճահճացման առաջ, ձուկ չկա, հատակը մաքրված չի՝ Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի սխալ գործելաոճի պատճառով է, ով ցավոք մնաց անպատիժ։ Չունենք ձուկ, որը պիտի կերակվի գոյացած բուսականությամբ, և մեր փորձագետն ասաց, որ մեզ ներկայացված այն տարբերակը, թե լճում պետք գենետիկորեն մոդիֆիկացված կերերով է ձուկ աճեցնեն ու փորձեն դրանով վերականգնել ձկան պաշարը՝ բացարձակ սխալ է։ Մանրաձուկը ուրիշ տեղից պետք է բերել ու հետևել, որ մեծանա, սակայն այդ ամենը չի արվում», – ասել է բանախոսը։

Հանդիպման մասնակից, փորձագետ Արամ Գրիգորյանի խոսքով՝ ոմանք Սևանը ընկալում են որպես էկոլոգիական համակարգ, բազա, հիմք, ոմանց համար էլ դա բիզնես է, ռեսուրս, որը կարելի է վաճառել ու ստանալ շահույթներ, ու այս երկու ուղղությունները մշտական բախման մեջ են։

«Խնդիրն առաջացել է սխալ կառավարման պատճառով՝ ԱԺ-ն օրենք է ընդունում և մի քանի օր անց նույն օրենքում գաղտնի փոփոխություններ մտցնում՝ 240 մլն խմ ջուրը դառնում է 270։ Որոշումն ընդունվում է առանց փորձագիտական, գիտական, հանրային և պատասխանատու կառույցների կարծիքը հաշվի առնելու։ Էլիտան որոշեց, որ 240-ը քիչ է, դարձրին 270, ու հիմնավորման իմիտացիան հետևյալն է՝ գյուղացիներին պետք է ջուր հասցնել։ Ոչ մեկը պետական համակարգից չասաց՝ այդ ինչ ձևով Սևանից ջուրը գնաց հասավ գյուղ, երկրորդը՝ կառավարման այնպիսի թերություն կա, որ ամբողջ ջրային ռեսուրսի օգտակար մասը սպառողին հասնելուց կորում է։ Սա խնդիր է․ մենք չունենալով հմտություններ կառավարման համակարգում, կամ ունենալով չիրականացնել դրանք, կամ իրականացնելով դրանք շատ վատ, մենք ասում ենք՝ բերեք ոչինչ չանենք, Սևանը կա, մյուս տարի անձրևները կգան, կլցվի։ Սևանը տակառ չէ, այն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երևույթ է, որը փրկելու համար շտապ միջոցներ են պետք ձեռնարկել», – ասել է փորձագետը։