Home / Հայաստան / Ակցիաս հաշվեհարդար էր դատավարության դեմ․ Հայկ Կյուրեղյան

Ակցիաս հաշվեհարդար էր դատավարության դեմ․ Հայկ Կյուրեղյան

Հունիսի 12-ին ձերբակալված Հայկ Կյուրեղյանը, ով այդ օրը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ՝ Շանթ Հարությունյանի գործով նիստի առաջին օրը օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ, ներքին համոզմունք ունի, որ հանրության գերակշիռ մասը, եթե չի խրախուսում, ապա լիովին անդատապարտելի է գտնում իր արարքը։ Այս մասին նա նշում է իր պաշտպաններից մեկի՝ Արա Զաքարյանի միջոցով տարածած հայտարարության մեջ, որը վերնագրված է «Քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի հայտարարությունը»։

«Անկախ նրանից, թե հանրության, որ մասն է դատապարտում կամ խրախուսում այն, ցանկացա հետևյալ պարզաբանումները կատարել կատարածիս։ Նշեմ, որ մի վարկյան իսկ չեմ կասկածել կամ տատանվել արարքիս իրավացիության կամ անհրաժեշտության առկայության հարցում։

Թե կյանքիս ընթացքում սեփական փորձովս ու կաշվովս վերցրած բարու ու չարի զգացումներս, թե ներքին խղճմտանքս, թե կարդացածս գրքերը, ոչ միայն անդրդվելի զգացում են հաղորդում, այլև պատվի և անհրաժեշտության աստիճանի են բարձրացնում դրա իրագործումը։

Եթե իշխանությունը հրեշ է, արդյոք պարտք չէ նրա հեռացումը, ես դուրս եմ եկել հրեշի դեմ նրա արյունարբու արարքներից մեկի իրագործման պահին, երբ այն հաշվեհարդար էր տեսնում մեր 14 համաքաղաքացիների նկատմամբ, այդ իմ ակցիան եղել է հաշվեհարդար դատավարության դեմ, մարդակերության ակտ իրականացնող ոստիկանների դեմ։ Դա ինձ համար ներքին պարտքի աստիճանի էր», – հայտարարության մեջ նշել է Կյուրեղյանը։ 

Հիշեցնենք, որ ձերբակալվելուց հետո երիտասարդը ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից, ինչի մասին բարձրաձայնել էր Կյուրեղյանը, իսկ վնասվածքների առկայությունը փաստել էր ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանը։ Հայկ Կյուրեղյանը գործով տուժող է ճանաչվել և այդ կարգավիճակում հարցաքննվել է։