Home / Տեսանյութեր / Վարդենիսից հայտնում են ևս մեկ ադրբեջանցու մասին, ԼՂՀ ՊՆ-ն մտածում է պետության մասին (թարմացված)

Վարդենիսից հայտնում են ևս մեկ ադրբեջանցու մասին, ԼՂՀ ՊՆ-ն մտածում է պետության մասին (թարմացված)

Այսօր, ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ և ԼՂՀ սահմանահատվածում` Հարուրի ձոր կոչվող տարածքում, մեկ ադրբեջանցի է վիրավորվել, ապա գերեվարվել։ Այս մասին Epress.am-ին կրկին հայտնել է Վարդենիսի բնակիչը, ով չի ցանկացել ներկայանալ։ Նրա խոսքով՝ ադրբեջանցին վիրավորվել է հայկական զինված ուժերի որոնողական գործողությունների արդյուքնում, նրան պատրաստվում են Երևան տեղափոխել։

Տեղացիները համոզված են, որ սպանվածը նախորդ շաբաթ հայտնաբերված և մասամբ չեզոքացված ադրբեջանական դիվերսիոն խմբի փախուստի դիմած անդամներից մեկն է, սակայն վերջինը չէ։

Տեղեկությունը պարզելու համար մեր թղթակիցը կապ է հաստատատել Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանի հետ։ Վերջինս նշել է, թե արձակուրդում է և ոչինչ ասել չի կարող։ Հարցին՝ ով է իրավասու պատասխանել իր փոխարեն, Հասրաթյանն ընդգծել է, որ տեղեկության առկայության դեպքում մամուլի բաժինը հաղորդագրություն կտարածի։ Մեր թղթակցի դիտարկմանը, թե ԼՂՀ ՊՆ-ն սովորաբար հաղորդագրությունները բավական ուշ է տարածում, Հասրաթյանը պատասխանել է, որ լրագրողը չի հասկանում ՊՆ-ի աշխատելաոճը։ Նրա խոսքով՝ ի տարբերություն ԶԼՄ-ի, ԼՂՀ ՊՆ-ն մտածում է պետության շահերի ու անվտանգության մասին, դրա համար էլ հաղորդագրությունները երբեմն ուշանում են։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանել։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՀՀ և ԼՂՀ ՊՆ-ները հաղորդել էին մեկ ադրբեջանցի դիվերսանտի վնասազերծման մասին։ Ըստ պաշտոնական աղբյուրներիի գործողության ժամանակ զոհվել էր 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանը, իսկ 37-ամյա Կարինե Դավթյանը հրազենային վիրավորում էր ստացել։ 

Հ․Գ. Նյութի պատրաստման և տեղադրման ընթացքում ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես նշված է․ «Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: Դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ»։ 

Հետգրությունը Epress.am-ի կողմից ավելացվել է 14։10-ին, ԼՂՀ ՊՆ-ի կայքում հաղորդագրությունը տեղադրվել է 14։00-ին։