Home / Տեսանյութեր / ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է ադրբեջանական դիվերսիայի մասին․ բնակիչները մանրամասներ են պատմել

ԼՂՀ ՊՆ-ն հայտնում է ադրբեջանական դիվերսիայի մասին․ բնակիչները մանրամասներ են պատմել

Ադրբեջանական կողմը ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները՝ դիմել են փախուստի, գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Epress.am-ը կապվել է Քելբաջարի բնակիչներից մեկի հետ, ով դեպքի մի շարք մանրամասներ է ներկայացրել. հուլիսի 8-ին, ժամը 14։00-ի սահմաններում Քելբաջարում երկու ադրբեջանցիների պատահմամբ նկատել է գյուղի կանանցից մեկը, զանգահարել է Ստեփանակերտի ոստիկանություն։ Ավելի ուշ ոստիկաններին հաջողվել է բռնել մեկին, մյուսը՝ դիմել է փախուստի։

Մեր զրուցակցի խոսքով՝ գերեվարված ադրբեջանցին մոտ 40 տարեկան է, փախուստի դիմածը՝ 50-ի սահմաններում, ում այս պահին փնտրում են։

«Մի ավերված տան մեջ շորերը փոխելուց են եղել, գյուղի կանանցից մեկը նկատել է, որ ռուսերեն են խոսում, զանգել է ոստիկանություն, եկել-բռնել են։ Ասեմ, որ զինվորական հագուստով չեն եղել», – նշել է մեր զրուցակիցը։

Վերջինս ասել է, որ հակառակորդի սահմանը հատելու, տարածքում իրականացրած գործողությունների մասին այլ տեղեկություններ իրենք չունեն, գիտեն միայն մեկ ադրբեջանցու գերեվարման մասին։ Նա ընդգծել է, որ ադրբեջանական սահմանից մինչև Քելբաջար հեռավորությունը գրեթե 60 կմ է։

Լուսանկարը՝ nkrmil.am