Home / Տեսանյութեր / Քաղաքացին բողոքել է իրեն խոշտանգած ոստիկանների դեմ․ ՀՔԾ-ում գործ է հարուցվել

Քաղաքացին բողոքել է իրեն խոշտանգած ոստիկանների դեմ․ ՀՔԾ-ում գործ է հարուցվել

Երևանի Էրեբունու բաժնի ոստիկանները խոշտանգումների օգնությամբ ստիպել են քաղաքացի Ալեքսանդր Ցվերիանովին խոստավանել իր մեղքը 16 բնակարանային գողությունների մեջ։ Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Ինչպես նշված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, 2012 թվականի նոյեմբերի 30-ին, առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում, իր վարձակալած բնակարանից Ալեքսանդր Ցվերիանովը բերման էր ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Նույն օրը նա խոստովանել է, որ 2012 թ. սեպտեմբերից մինչև նույն տարվա նոյեմբերի 30-ը կատարել է 16 բնակարանային գողություն:

«Ինչպես արձանագրել է նախաքննական մարմինը, նոյեմբերի 30-ին Ցվերիանովը ընդունել է մեղքը ոստիկանությանը հայտնի գողության 2 դեպքերի մեջ, և ևս 14 դեպքի վերաբերյալ ինքնակամ խստովանություն է տվել՝ մանրամասնելով գողության դեպքերից յուրաքանչյուրի օրը, տեղը, հանգամանքները և հափշտակած իրերի ցանկը: Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ երևույթ չկա՝ ՀՀ ոստիկանությունը իր պարտքն է կատարել՝ ձերբակալելով բնակարանագողին: Մինչդեռ իրականությունն ամբողջովին այլ է: Ոստիկանության աշխատակիցները նոյեմբերի 30-ին՝ առավոտյան գնացել են Ցվերիանովի վարձակալած բնակարան, բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին՝ առաջադրելով մեղադրանք Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած մի շարք գողություններում: Ոստիկանության բաժնում Ցվերիանովը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, նա հայտնել է, որ ոստիկանների նշած գողություններից և ոչ մեկի հետ կապ չունի: Սակայն, ոստիկանների կիրառած բռնություններից, հոգեբանական ճնշումներից և խոշտագումներից, մասնավորապես էլեկտրաշոկերի օգտագործումից և այլ սպառնալիքներից հետո Ցվերիանովը ստիպված է եղել խոստովանել իր մեղքը այնպիսի հանցագործությունների կատարման մեջ, որոնք ինքն իրականում չի գործել:

Հաջորդող օրերի ընթացքում ոստիկանների ուղեցությամբ Ցվերիանովը մատնանշել է այն բնակարանները, որտեղից նա իբր գողություն է կատարել կամ փորձել է կատարել: Բարեբախտաբար, 2014 թ. մայիսի 30-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, ի տարբերություն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի, արդարացի է գտնվել: Լսելով վկաների, տուժողների և մեղադրյալի ցուցմունքները, ինչպես նաև ուսումնասիրելով նախաքննական մարմնի իրականացրած «քննության» նյութերը՝ դատարանը Ալեքսանդր Ցվերիանովին արդարացնելու որոշում է կայացրել՝ գտնելով, որ նախաքննական մարմինը քննությունը իրականացրել է ոչ պատշաճ կերպով», նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Իրավապաշտպանները հաղորդագրության մեջ նշում են, որ տուժած քաղաքացիներից ոչ ոք ոստիկանություն հաղորդում չէր ներկայացրել և դատարանում նույնպես նրանք ամբաստանյալի նկատմամբ որևէ բողոք կամ գույքային պահանջ չեն ներկայացրել:

Այնուամենայնիվ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է, որ գործն այդքանով չէր կարող վերջանալ, քանի որ, մինչև մայիսի 30-ի դատական ակտի հրապարակումը, Ցվերիանովը մայիսի 25-ին ՀՀ ՀՔԾ-ին դիմում է ներկայացրել այն մասին, որ ոստիկանությունում իրեն բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ հարկադրել են խոստովանել տարբեր գողությունների կատարում, որոնց հետ իրականում առնչություն չի ունեցել:

«2014 թ. հունիսի 4-ին ՀՀ ՀՔԾ քննիչ Զ. Թադևոսյանը, վերանայելով Ա. Ցվերիանովի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերը, կայացրել է որոշում բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցել քրեական գործ:

Այսպիսով, այս գործով Ցվերիանովը ճանաչվել է տուժող, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տուժողի ներկայացուցիչ», – նշում են իրավապաշտպանները: