Home / Տեսանյութեր / Պետական կարիքի զոհերը․ 10 տարի անց կրկին քննում են Բուզանդի փողոցի գործերից մեկը

Պետական կարիքի զոհերը․ 10 տարի անց կրկին քննում են Բուզանդի փողոցի գործերից մեկը

10 տարի առաջ Էմմա Թունյանին և նրա ընտանիքին Երևանի կենտրոնում գտնվող իրենց տանից զրկելու գործը Եվրոպական դատարանի որոշմամբ նորից քննվելու է ներպետական ատյաններում։ Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, տեղի է ունենալու գործի նոր քննության առաջին դատական նիստը։ Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնը, որի փաստաբանները ներկայացնում են Թունյանին։

Էմմա Թունյանը Բուզանդ փողոցի վրա գտնվող հողատարածքի սեփականատերն էր։ Նրա ընտանիքն այդ վայրում ապրել էր 1930-ականներից ի վեր։ 2003 թվականին Թունյանին տեղեկացրել են, որ իր սեփականությունը պետք է առգրավվի «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից՝ Բուզանդի փողոցում ապրող հարյուրավոր այլ մարդկանց սեփականության նման։ Կառավարության որոշումներից մեկով առգրավումն արդարացվում էր՝ պետության կարիքներից ելնելով։ Կառավարության որոշումից հետո Թունյանի ընտանիքին զրկել են տանից և հողակտորից առանց որևէ փոխհատուցման։

«2005 թ․ ընտանիքը դիմել էր ՄԻԵԴ, որի 2012 թ․-ի վճռով որոշվել էր, որ այս ընտանիքի սեփականության պաշտպանության իրավունքը խախտվել է, քանի որ գույքից զրկելը տեղի չէր ունեցել օրենքի հիման վրա: 2013 թվականի նոյեմբերին ընտանիքը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա: 2014թ. մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է սեփականազրկման վերաբերյալ 2005թ.-ի վճիռը և գործն ուղարկել նոր քննության: Տասնամյա պայքարից հետո գործը վերսկսվում է իր սկզբնակետից արդեն այնպիսի իրավիճակում, երբ բոլոր այն իրավական նորմերը, որոնց հիման վրա տեղի էր ունեցել սեփականազրկումը, ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը և/կամ ՄԻԵԴ-ի որոշումներին հակասող», – ասված է ՄԻԵԿ-ի հաղորդագրության մեջ:

Գործին անդրադառնալով՝ Թունյանի փաստաբան Վահե Գրիգորյանն ասել է․

«Սա մի ցուցանմուշային գործ է, որն արտացոլում է Երևանի կենտրոնի նախկին բնակիչ հազարավոր ընտանիքների դեմ իրականացված անարդարությունը, որի արդյունքում մարդկանց անիրավ ճանապարհով զրկել են իրենց տներից և հողակտորներից: Սա, միաժամանակ, առաջին գործն է, որում սեփականազրկման վերաբերյալ նախկինում կայացված ներպետական դատարանների վճիռները բեկանվել են և գործն ուղարկվել է նոր քննության»։

Թունյանի ընտանիքը պահանջում է 36 հազար եվրո փոխհատուցում։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք որոշում էր կայացվել Երևանի կենտրոնում կառուցել Հյուսիսային պողոտան, որի պատճառով հարյուրավոր մարդկանց տներ և հողամասեր խլել էին՝ հիմնականում առանց փոխհատուցում վճարելու կամ չնչին գումար տրամադրելով, որով հնարավոր էր եղել բնակարաններ գնել Երևանի ծայրամասերում։