Home / Տեսանյութեր / Ինչո՞ւ է Վրաստանից Հայաստան էլէներգիա ներմուծվել․ Հանձնաժողովը քննարկում է թանկացման հարցը

Ինչո՞ւ է Վրաստանից Հայաստան էլէներգիա ներմուծվել․ Հանձնաժողովը քննարկում է թանկացման հարցը

Այսօր ժամը 11։00-ին մեկնարկած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստն անցնում է շենքի մոտ հավաքված քաղաքացիների «Ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո։ Հանձնաժողովը քննարկում է էլէներգիայի սակագինը 4 դրամով բարձրացնելու հարցը, իսկ բողոքողները պահանջում են թույլ չտալ թանկացումը։

Ինչպես նիստի դահլիճից հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն անընդհատ լռություն է պահանջում, սակայն ներկաները նշում են, որ իրականում իրենց խանգարում է դրսի աղմուկը։

Նիստի ընթացքում Հանձնաժողովի ներկայացուցիչներին հարց է ուղղել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ ասելով, որ 2012-2013 թվականներին, համաձայն իր տեղեկությունների, Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է ներմուծել։ Պատգամավորը բացատրություն է պահանջել՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես արտահանել է էլեկտրաէներգիա։ Մանուկյանի խոսքով՝ ներմուծված էլեկտրաէներգիայի մասին տեղեկությունն ու չափը երբեք չեն բացահայտվել։

Հանձնաժողովի երկու ներկայացուցիչներ հարցի շուրջ հակասական հայտարարություններով են հանդես եկել։ Մասնավորապես, Գագիկ Բաղրամյանը չի հերքել Մանուկյանի ներկայացրած փաստը՝ նշելով, որ ներմուծումը սեզոնային բնույթ է կրել։

Հանձնաժողովի մեկ այլ աշխատակից՝ Մնացական Մնացականյանը, սակայն, ասել է, որ Հայաստանը չի ներկրել էլեկտրաէներգիա, պարզապես տրանզիտային երկիր է հանդիսացել Վրաստանից Իրան էլէներգիա տեղափոխելու ժամանակ։

Հաշվի առնելով, որ Հանձնաժողովը սակագնի բարձրացումը պատճառաբանում է, թե էլեկտրաէներգիայի ոլորտում աշխատող ընկերությունները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն, ներկաները հարց են ուղղել՝ ինչու են այդքան բարձր աշխատավարձեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում, իսկ, մասնավորապես, տնօրեն Եվգենի Բիբինն ամսական 4 միլիոն դրամ է ստանում։

Բիբինը պատասխանել է, թե ինքը կերազեր ստանալ այնքան աշխատավարձ, որքան ԶԼՄ-ներն են գրում։ Անդրադառնալով ընկերությունում առկա միջին աշխատավարձին (220 հազար դրամ)՝ ՀԷՑ-ի տնօրենը նշել է, որ դա լավ աշխատավարձ է, և իրենք շահագրգռված են, որպեսզի իրենց աշխատակիցների աշխատավարձերն էլ ավելի բարձրացնան։