Home / Տեսանյութեր / «Ի վիճակի չենք սրա տակից դուրս գալ». բնակիչները պատմում են Վարդենիսի պտտահողմի մասին

«Ի վիճակի չենք սրա տակից դուրս գալ». բնակիչները պատմում են Վարդենիսի պտտահողմի մասին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեկ ժամը 16։00-ի սահմաններում տեղացած խոշոր կարկուտից մոտ կես ժամ անց սկսված ուժեղ պտտահողմը րոպեների ընթացքում ավերածություններ է հասցրել Երևանյան, Սպենդիարյան, Սախարովի փողոցներում, վնասվել են տներ, ավերվել են այգիներ։

Epress.am-ի հետ զրույցում տուժածներից մի քանիսը պատմել են, որ կատարվածը սարսափ ֆիլմ է հիշեցնում։

«Երկինքը միանգամից մթնեց, տվյալ տարածքի ուղղությունը ամբողջությամբ սևացավ ու մոտ 150- 200 մետր բարձրությամբ փոշու հսկայական ամպը վայրկյանների ընթացքում քարուքանդ արեց ամեն ինչ։ Ես պատուհանից նայում էի՝ մոտ երեք րոպե անց քամին հասավ մեր տանը՝ օդում շիֆրեր էին պտտվում, բարձեր, ծառի ճյուղեր, ապակու կտորներ։ Եթե քամին նույն ուժգնությունն ունենար, ինչը որ ուներ մինչև մեր տուն հասնելը, ուրեմն հիմա մեր տունն էլ քշել-տարել էր։ Մեր տանիքը ամբողջությամբ տարավ՝ ստիպված գիշերը ցելոֆանապատել եմ, որ հանկարծ անձրևները տուն չլցվեն։ Կոտրվեցին մեր տան պատուհանները՝ մենակ դրսի կողմից, բայց տուն կա, որ ամբողջությամբ պատուհանները տեղից պոկել էր, ներսի պատը մոտավորապես մի 20 սմ ներս էր տարել, տան մեջ գույքը տեղաշարժել, հարվածել էր պատերին ու ջարդուփշուր արել։ Հարևանի տան տանիքի ժեշտը մտցրել էր տուն՝ աղջկա վիզն էր վնասվել, դուռն էլ սեղմել էր մյուս երեխու ոտքին, վնասել էր», – պատմել է Վարդենիսի բնակիչ Դանիել Խլոյանը։

3vardenis

Նրա խոսքով՝ ամբողջությամբ ավերվել են մոտ 35 տների տանիքներ, պատուհաններ, արմատախիլ են եղել հաստաբուն ծառեր, էլեկտրական սյուներ, վնասվել են գազատար խողավակներ, ինչի հետևանքով մի քանի ժամ քաղաքը զրկվել է գազամատակարարումից ու հոսանքից։

1vardenis

«Մեկի «Կամազը» վերցրել, հարվածել էր գարաժի պատին, հետո «Ժիգուլին» մտցրել էր «Կամազի» հետևը։ Մի խոսքով՝ աննկարագրելի վիճակ է», -ասել է մեր զրուցակիցը։

Սախարովի 19 հասցեի բնակիչ Արթուր Սահակյանի խոսքով՝ պտտահողմի հասցրած վնասները մեծ են։

«Վնասը այնքան մեծ է, որ նկարագրել հնարավոր չէ, եղածը տեսնել է պետք, մենք ոչ մեկս ի վիճակի չենք սրա տակից դուրս գալ», – ասել է Սահակյանը։

Նշենք, որ այս պահին ԱԻ նախարարության աշխատակիցները Վարդենիսում գնահատում են վնասի չափը։ Քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը քաղաքում չէ, նա 2 օր առաջ մեկնել էր Ֆրանսիա գործուղման։

2vardenis