Home / Հայաստան / ԱԺ–ն չի ցանկանում կառավարության օրենքները դակողի վերածվել

ԱԺ–ն չի ցանկանում կառավարության օրենքները դակողի վերածվել

ԱԺ պատգամավորները դեմ են այսօր արտահերթ նիստում  ընդգրկված` Կառավարության կողմից բերված հարցերի քննարկմանը: Նշենք, որ այսօր արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ պետք է Կառավարության օրինագծերը քննարկել հիմա, ավելին, պետք է 24 ժամվա ընթացքում անցկացնել դրանց երկրորդ ընթերցումը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, որ  համաձայն ԱԺ կանոնական օրենքի, Կառավարությունը չի կարող բերել օրինագծեր, որոնք նիստից առնվազն 15 օր առաջ չէին հանրայնացվել: Մինասյանի խոսքով՝ նստաշրջանի օրակարգի օրենքների մեծ մասը պատգամավորները նոր են տեսնում: 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ այսպես ԱԺ-ն վերածվում է օրենքների «շտամպովկայի» մարմնի: Պատգամավորը նկատել է, որ նման անհարգալից վերաբերմունք է ցույց տրվում ԱԺ-ին մի վարչապետի կողմից, որը խոսում էր խորհրդարանի դերի բարձրացման մասին:

«Խնդիրն այն է, որ օրինագծերը ԱԺ հանձնաժողովներին չէին ներկայացրել: Այսպես մենք վերածվում ենք օրենքներ դակող մարմնի»,- ասել է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Գալուստ Սահակյանը ասել է, որ քանի որ ԱԺ-ն վերջերս զբաղված է եղել քաղաքական հարցերով, օրենսդրական գործունեությունը երկրորդ պլան էր մղվել, և այդ բացը պետք է քննարկել:

Լևոն Զուրաբյանն այնուհետև 20 րոպեանոց ընդմիջում է պահանջել ու ասել, որ խմբակցությունների ղեկավարները պետք է հանդիպեն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ՝ հարցը քննարկելու համար:

Նշենք, որ այս արտահերթ նստաշրջանը հրավիրվել է Կառավարության կողմից: