Home / Հայաստան / Դատարանի դիմաց պատնեշ է կանգնեցվել․ սկսվում է Վոլոդյա Ավետիսյանի գործով դատը

Դատարանի դիմաց պատնեշ է կանգնեցվել․ սկսվում է Վոլոդյա Ավետիսյանի գործով դատը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստին մասնակցելու հատուկ կարգ է սահմանվել։ Ինչպես դատարանից հայտնում է Epress.am-ի թղթակիցը, ոստիկանները մետաղյա ձողերով պատնեշ են կառուցել դատարանի շենքի աստիճանների մոտ և այդ պատնեշը անցնել թողնում են բացառապես նրանց, ովքեր ցույց են տալիս անձը հաստատող փաստաթուղթ։

Արդյունքում, ազատամարտիկները, ովքեր ամեն նիստի օր ակցիա են անցկացնում դատարանի դիմաց և մտնում՝ լսելու դատական պրոցեսը, այսօր մնացել են դատարանից դուրս, քանի որ նոր կարգի մասին նրանց նախապես չէր զգուշացվել։ Նրանց մի մասը որոշել է բոյկոտել դատական նիստը, մյուս մասը ոստիկաններին և դատարանի կարգադրիչներին խնդրել է բացառություն անել և իրենց ներս թողնել, քանի որ այսօր նոր կարգը առաջին անգամ է գործում։

Դատարանի դահլիճում հայտնված ազատամարտիկները շնորհավորել են Վոլոդյա Ավետիսյանին՝ այսօր պապիկ դառնալու առթիվ։

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է 2000 դոլար կաշառք վերցնելու մեջ։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ համարում է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։