Home / Տեսանյութեր / «Ոստիկանները ծիծաղելի ցուցմունքներ են տվել»․ լրագրողը 4 ժամ ՀՔԾ-ում է անցկացրել

«Ոստիկանները ծիծաղելի ցուցմունքներ են տվել»․ լրագրողը 4 ժամ ՀՔԾ-ում է անցկացրել

Հատուկ քննչական ծառայությունում այսօր անցկացվել է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի և 2014 թվականի փետրվարի 12-ին Երևանի Մաշտոցի պողոտայում լրագրողի գործունեությունը խոչընդոտած ոստիկանության երեք ծառայողների առերեսումը։ Epress.am-ի հետ զրույցում լրագրողն ասել է, որ մոտ չորս ժամ տևած առերեսան ընթացքում երեք ոստիկաններն էլ ծիծաղելի ցուցմունքներ են տվել։

«Մեկը Սոնա Մելիքյանն էր, ով փետրվարի 12-ին իմ անձնական խուզարկության ժամանակ սենյակից հանել էր տեսախցիկս, ապա վերադարձրել էր այն՝ առանց հիշողության քարտի, մյուս երկու ոստիկաններն այդ օրը նշված մի շարք այլ ապօրինությունների ականատես և մասնակից էին: Նրանց ներկայությամբ էր Կենտրոնի ոստիկանապետը հարվածել ինձ և խլել հեռախոսս», – ասել է Գևորգյանը։

Նրա խոսքով՝ նշված երեք ոստիկաններն էլ առերեսման ժամանակ միաձայն պնդել են, որ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանն այդ օրը ընհանրապես չի մտել բաժնի այն սենյակ, որտեղ ինքն է եղել։

«Ծիծաղելի է, քանի որ սուտ ցուցմունք տալն էլ պետք է սահման ունենա և գոնե ինչ-որ տրամաբանություն՝ ասում են իբրև հեռախոսս ինքնակամ եմ հանձնել», – ասել է լրագրողը։

Վերջինս նշել է, որ Արտակ Պողոսյանի հետ իր առերեսումը պետք է տեղի ունենա շաբաթ օրը` մայիսի 31-ին, ժամը 11-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանը, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, լրագրողներ Սարգիս Գևորգյանն ու Անի Գևորգյանը բերման էին ենթարկվել Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանելու ընթացքում։ Մինչ ոստիկանների ժամանելը՝ իրազեկման ակցիայի ընթացքում, մի խումբ երիտասարդներ խոչընդոտել էին ակցիան, խլել թռուցիկները։