Home / Տեսանյութեր / «Ղարաբաղն ի՞նչ կապ ունի»․ ԱԳ փոխնախարարը՝ Եվրասիական միություն մտնելու մասին

«Ղարաբաղն ի՞նչ կապ ունի»․ ԱԳ փոխնախարարը՝ Եվրասիական միություն մտնելու մասին

Այսօր Ազգային ժողովում ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը չի պատասխանել հարցին՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մտնելու է Եվրասիական միություն Հայաստանի Հանրապետության հետ միասին:

Նա նաև ասել է, որ ֆիքսված չէր, թե այսօր Աստանայում Հայաստանի կողմից պետք է ստորագրվեր համաձայնագիրը, ուստի պետք չէ մտածել, որ ինչ-որ բան այնպես չի անցել:

«Խնդիրները չէին վերաբերում կոնցեպտուալ հարցերին, այլ ճանապարհային քարտեզին: Զուտ տեխնիկական հարցերին էր վերաբերում», – ասել է Մանասարյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը 3 անգամ հարցրել է պաշտոնյային՝ արդյոք Լեռնային Ղարաբաղը ևս մտնելու է Եվրասիական միություն, թե ոչ:

Փոխնախարարը նախ ասել է, թե «Ղարաբաղն ի՞նչ կապ ունի», այնուհետև խուսափել է հարցին պատասխանել՝ կրկնելով, որ սկզբունքային հարցերը լուծված են, մնում է տեխնիկական լուծումներ տալ:

«Լեռնային Ղարաբաղի հարցը տեխնիկակա՞ն եք համարում», – հարցրել է Բաբայանը:

«Ոչ, դա սկզբունքային հարց է, և այդպիսի հարցերի շուրջ բանակցությունները ավարտված են», – ասել է Մանասարյանը՝ հավելելով, որ Հայաստանն է մտնում Եվրասիական միություն, և Ղարաբաղը կապ չունի։

Նշենք, որ այսօր Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրապարակել է Եվրասիական միությանն ուղղված Իլհամ Ալիևի նամակը, որում նշվում է, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ այն սահմանների շրջանակներում, որոնցով երկիրը միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։