Home / Տեսանյութեր / Ինչպես արտահայտել զայրույթը․ գորիսեցիները զրկվել են քաղաքապետ ընտրելու հնարավորությունից

Ինչպես արտահայտել զայրույթը․ գորիսեցիները զրկվել են քաղաքապետ ընտրելու հնարավորությունից

Գորիսի քաղաքացիները մտահոգված են իրենց քաղաքում ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակից և մտադիր են բողոքի բոլոր հնարավոր մեթոդների դիմել։ Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Գորիսում բնակվող քաղաքացիական ակտիվիստներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ։

Նրա խոսքով՝ քաղաքում տիրում է հուսահատության մթնոլորտ այն բանից հետո, երբ երեկ քաղաքապետի չորս թեկնածուներից երկուսը՝ Տիգրան Կարապետյանն ու Արա Բուդաղյանը, հանել են իրենց թեկնածությունները։

Այժմ քաղաքապետի աթոռի համար պայքարում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալ Վաչագան Ադոնցը և ավագանու անդամ Հրայր Յոլյանը, ում մասնակցությունը ձևական բնույթ է կրում։

Գորիսի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները համոզված են՝ թեկնածուները տեղի են տվել իրենց վրա իշխանությունների կողմից կիրառված ճնշումների պատճառով։

«Մենք փաստորեն մնացել ենք առանց այլընտրանքի, փաստացի՝ մեզ զրկել են ընտրելու իրավունքից։ Այժմ մենք քննարկումներ ենք անում՝ որոշելու համար ինչպես արտահայտենք մեր զայրույթը։ Հնարավոր է, որ որոշում լինի բոյկոտել ընտրական պրոցեսը, ոչ թե մնացած երկու թեկնածուներին, այլ այս իրավիճակը»,- ասել է մեր զրուցակիցը։

Ըստ գորիսեցի ակտիվիստի՝ քաղաքում մեծ մասը մտադիր էին ընտրել գործարար Տիգրան Կարապետյանին, սակայն վերջինս հանել է թեկնածությունը։ Ըստ մեր զրուցակցի՝ Տիգրան Կարապետյանը ընտրություններին վաղուց էր նախապատրաստվում, նա ուսանողության շրջանում նախաձեռնել էր շարադրությունների մրցույթ՝ ինչ է պետք Գորիսին զարգանալու համար թեմայով, և այդ կարծիքներն օգտագործել էր իր նախընտրական ծրագրում։