Home / Տեսանյութեր / Ակտիվիստը ոստիկանի հարվածից մեքենայում ուշագնաց է եղել, պատմել է ընկերը

Ակտիվիստը ոստիկանի հարվածից մեքենայում ուշագնաց է եղել, պատմել է ընկերը

Մաշտոցի պուրակից Կենտրոնի ոստիկանության բաժին բերման ենթարկվելիս ակտիվիստ Դվին Իսանյանսը (լուսանկարում) ոստիկանական մեքենայում ուշագնաց է եղել ոստիկանի հարվածներից։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է բերման ենթարկված ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը։

Նա ասել է, որ իրեն, Իսանյանսին, Անի Խաչատրյանին քաշքշելով ու հայհոյելով նստեցրել են մեքենան, իսկ բաժին տանելու ամբողջ ճանապարհին հայհոյել ու հարվածել են իրեն ու Դվինին։

«Չտեսա՝ ոստիկանը կոնկրետ որ հատվածին հասցրեց հարվածը, բայց Դվինը ուշագնաց եղավ ու մի քանի րոպե նույն ոստիկանն էլ նրան ուշքի էր բերում, հարցնում էր՝ «հը, հիմա լա՞վ ես»։ Հիմա բաժնում ենք ու, ամենայն հավանականությամբ, վարչական տուգանք կնշանակեն», – ասել է Սաֆարյանը։

Նշենք, որ Մաշտոցի պուրակի անվանափոխության դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել պուրակում՝ կոչ անելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին չմասնակցել պուրակի անվանափոխմանը նվիրված, իրենց խոսքով, խայտառակ միջոցառմանը։ Պուրակը այսուհետ անվանվելու է ի պատիվ Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի։

Ակտիվիստները, սակայն, նշել են, որ պահպանելու են այգին, քանի որ այն համարվում է ժողովրդական արժեքների, խոսքի արտահայտման, համերաշխության սիմվոլը, ու դրանք վերացնել չի կարելի։

Ակտիվիստները վանկարկել են «Այգին մերն ա», «Քաղաքապետ չկա», «Նախագահը մեռել ա», ինչից հետո ոստիկանները քաղաքացիական հագուստով երիտասարդների հետ պատ են կազմել ու օղակման մեջ առել ակտիվիստներին։

Ակտիվիստները կոչ են արել ոստիկաններին չմասնակցել սադրանքների, իսկ սադրիչներին հորդորել են հագնել ոստիկանական համազգեստը և չխոչընդոտել իրենց ազատ տեղաշարժը։

«Ձեր տերը, ձեր պապան՝ էդ Սերժիկը, խայտառակում ա սաղ աշխարհով, էդ մարդը տեղյակ ա էս ամեն ինչից (նկատի է ունեցել Օլանդին – խմբ․), դուք խայտառակում եք ձեր տիրոջը, էդքան հավատարիմ չի կարելի լինել, արժանապատվություն ու ինքնասիրություն ա պետք ունենալ», – դիմելով ոստիկաններին՝ ասել էր ակտիվիստ Աննա Շահնազարյանը։

Ավելի ուշ քաշքշուկ էր սկսվել ոստիկանների ու ակտիվիստների միջև, ինչից հետո ակտիվիստները բերման են ենթարկվել։

Լուսանկարը՝ Դվին Իսանյանսի ֆեյսբուքյան էջից