Home / Հայաստան / Ֆրանսիայի նախագահին կոչ են անում չմասնակցել Մաշտոցի պուրակի վերանվանման արարողությանը

Ֆրանսիայի նախագահին կոչ են անում չմասնակցել Մաշտոցի պուրակի վերանվանման արարողությանը

«Մե´նք ենք այս քաղաքի տերը» և «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունները բաց նամակ են հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, որով կոչ են անում նախագահին չմասնակցել Մաշտոցի պուրակի անվանափոխման արարողությանը:

Նշենք, որ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցի շրջանակներում նախատեսվում է երկու երկրների նախագահների մասնակցությունը Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը` Մաշտոցի պուրակի տեղում:

«Այս մտադրությունը լայն հանրությանը հայտնի է դարձել այցից ընդամենը մեկ օր առաջ, չնայած որ Երևանի ավագանին որոշումը ընդունել է ապրիլի 30-ին: Որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների՝ նույնիսկ արգելելով լրագրողների մուտքը ավագանու նիստին: Նախկինում ևս ավագանու բաց նիստերին մասնակցելու մեր բոլոր փորձերը բռնությամբ տապալվել են: Մաշտոցի պուրակը, կազմելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Գլխավոր պողոտայի մի մասը, հանդիսանում է Հայաստանում քաղաքացիական շարժումների խորհրդանիշ. այն փրկվել է Երևանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ նախատեսված առևտրայնացումից հանրության անդադրում պայքարի շնորհիվ: «Մաշտոցի պուրակ» անվանումը շրջանառության մեջ է դրվել քաղաքացիների կողմից և տարածում է գտել հենց քաղաքացիական պայքարի ընթացքում: Հետագայում այդ անվանումն օգտագործվել է նույնիսկ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական հաղորդագրություններում:

Երևանի քաղաքապետարանը, ավագանին, ՀՀ այլ պետական մարմինները, Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակի հարցում բազմիցս խախտել են ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ օրենսդրությունը, և այդ կապակցությամբ դեռևս որևէ մեկը չի ենթարկվել համարժեք պատասխանատվության: Հետևաբար՝ բոլոր այդ մարմինները չունեն որևէ լեգիտիմ ու սահմանադրական իրավունք ընդունելու Մաշտոցի պուրակի հետ կապված որոշումներ. վերանվանման այս որոշումը հակաիրավական է և հակասահմանադրական: Եթե որևէ մեկը մասնակցում է այդ որոշման իրականացամանը, ապա մասն է դառնում անօրինական գործողությունների կատարմանը, և եթե վաղը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը մասնակցի նախատեսված միջոցառմանը, ապա նա մասնակից կլինի ՀՀ սահմանադրական կարգի խախտման գործընթացին և ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարմանը:

Հայտարարում ենք, որ մեզ համար անընդունելի է Հայաստանի քաղաքացիների համար խորհրդանշական և գործառական նշանակություն ունեցող պուրակի վերանվանումը, այնտեղ քաղաքացիների կողմից տեղադրված խորհրդանշական ցուցանակի անտեսումը և նսեմացումը: Հայաստանի գործող կառավարությունն ու քաղաքային իշխանություններն իրենց քայլերով ամեն ինչ անում են՝ արժեզրկելու ազատության, խաղաղ հավաքների ու համերաշխության գաղափարները և դրա խորհրդանիշ դարձած տարածքները։ Հատկապես անընդունելի է այն, որ Մաշտոցի պուրակի անունը ցանկանում են ջնջել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի այցի առիթով՝ Ֆրանսիայի անունն օգտագործելով Հայաստանի ժողովրդավարական հանրությանը սանձելու համար: Մաշտոցի պուրակը կա և կմնա «Մաշտոցի պուրակ»` Հայաստանի քաղաքացիների սահմանադրական պայքարի խորհրդանիշ, խոսքի ու մտքի արտահայտման բաց հարթակ։Հպարտ լինելով հայ-ֆրանսիական ընդհանուր մեծ ժառանգությամբ և հարգելով Միսաք Մանուշյանի մեծ ու անուրանալի դերն ու սխրանքը Երկրորդ Համաշխարհային պատերազմի դիմադրության շարժման մեջ` դատապարտում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան չառարկող համաձայնությունն ու մասնակցությունը ժողովրդավարական պայքարը նսեմացնող միջոցառմանը: Վստահ ենք, որ որպես ժողովրդավարական պետության ներկայացուցիչներ, կհրաժարվեք մասնակցել Մաշտոցի պուրակի նշանակությունը խեղող միջոցառմանը: Դրա փոխարեն առաջարկում ենք քաղաքային իշխանությունների հետ քննարկել Միսաք Մանուշյանի անվամբ Երևանի անանուն զբոսայգիներից ցանկացածը անվանելու կամ նոր զբոսայգի ստեղծելու հարցը, ինչը մեծապես կողջունվի մեր կողմից»,- ասված է բաց նամակում: