Home / Տեսանյութեր / Ջեյմս Ուորլիքը պատմել է՝ ինչ են պայմանավորվել Ղարաբաղի հարցում

Ջեյմս Ուորլիքը պատմել է՝ ինչ են պայմանավորվել Ղարաբաղի հարցում

Ղարաբաղյան հակամարտությունում խաղաղությունը հասանելի է․ կողմերը հասել են մի այնպիսի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բևեռացված չեն։ Այս մասին այսօր Քարնեգի հիմնադրամում հնչեցրած իր ելույթում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիակցի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ նշելով, որ ինքը ներկայացնում է խնդրի վերաբերյալ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականության դրույթները։

«Մի շարք առիթներով նրանք [կողմերը] գրեթե եկել են համաձայնության, վերջին նման դրվագն արձանագրվել է 2011թ.: Եվ ամեն անգամ ձախողված հերթական փուլից հետո, երբ անխուսափելիորեն կրկին նստել են բանակցային սեղանի շուրջ, հաջորդ «մեծ գաղափարի» կառուցվածքային տարրերը նման են եղել նախորդին:

Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է և ուրվագծում է համաձայնությունը. և ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք: Մարտահրավերն այն է, որ ճանապարհ գտնենք օգնելու կողմերին ձեռնարկել այդ վերջին, համարձակ քայլը մնացյալ տարաձայնությունները կամրջելու ու իրենց ժողովուրդներին ապահովելու խաղաղություն ու կայունություն, որին նրանք արժանի են», – ասել է Ուորլիքը:

Նա ընդգծել է, որ խաղաղությունից բխող օգուտները շատ ավելին են, քան այն, ինչ վճարում ենք շարունակաբար փակուղում գտնվելու դիմաց, և այն հնարավորություն կընձեռի խուսափել թշնամանքի վերականգնման աղետալի հետևանքներից:

«Հայաստանն անմիջապես կշահի բաց սահմաններից, ավելի մեծ անվտանգությունից, առևտրի, ուղևորությունների և իր բոլոր հարևանների հետ կապերի նոր հնարավորություններից:

Ադրբեջանը կկարողանա վերացնել այն հիմնական խոչընդոտը, որ կանգնած է իր` որպես համաշխարհային խաղացող, տարածաշրջանային առևտրային կենտրոն և անվտանգության ոլորտի ամուր գործընկեր կայանալու ճանապարհին` միաժամանակ հաշտեցման ու վերադարձի հեռանկար բացելով հարյուր հազարավոր փախստականների ու ներքին տեղահանված անձանց համար:

Իսկ Լեռնային Ղարաբաղում բնակվող հազարավոր մարդիկ կկարողանան ազատվել մեկուսացման ու կախվածության կապանքներից:

Խաղաղության համաձայնագիրը՝ պատշաճ կերպով մշակված ու իրականացված, վերջ կդնի նաև սահմանի ու շփման գծի երկայնքով մարդկային կորուստների ողբերգական ու կայուն շարքին թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական անձանց շրջանում: Թվերը դժվար է հստակ նշել, սակայն արդեն իսկ այս տարվա ընթացքում կրակագծում մեկ տասնյակից ավել մարդիկ զոհվել են, իսկ վիրավորվածների թիվը նույնիսկ ավելին է: Սա անընդունելի է», – հայտարարել է ամերիկացի դիվանագետը:

Ուորլիքն ասել է, որ եղել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ հանդիպել է դե-ֆակտո իշխանությունների հետ, լսել նրանց դիրքորոշումները:

«Կասկածից վեր է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները», – հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահը:

Իր ելույթում նա ներկայացրել է «հաստատված» փոխզիջման հիմնական տարրերը․

«Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ-ի խարտիան է ու համապատասխան փաստաթղթերը և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը:

Այդ հիմքի վրա կառուցելով ՝ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Այս տարրերի հերթականությունը և դրանց հետ կապված մանրամասներն, անշուշտ, բանակցությունների միջոցով պետք է որոշվեն, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն: Որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:

Առանց որոշակի հերթականության ներկայացնեմ այդ տարրերը.

Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության:

Ժամանակն է, որ կողմերը հանձնառություն ստանձնեն ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին՝ հիմք ընդունելով մինչ օրս կատարած աշխատանքը: Անիրատեսական է կարծել, որ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հանդիպումներն ինքնին բավական են տևական խաղաղություն հաստատելու համար:

Երբ այս բանակցությունները մեկնարկեն, կողմերը ոչ միայն պետք է վերահաստատեն հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունը, այլ նաև ձեռնարկեն երկար սպասված և հույժ անհրաժեշտ անվտանգության համար վստահության ձևավորման միջոցներ»:

Ջեյմս Ուորլիքի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։