Home / Տեսանյութեր / Աղբամանը նետել ՌԴ-ում տարածված Հաղթանակի օրվա խորհրդանիշը

Աղբամանը նետել ՌԴ-ում տարածված Հաղթանակի օրվա խորհրդանիշը

Մայիսի 9-ին ընդառաջ Երևանում կտրուկ ավելացել է գեորգևյան ժապավենների թիվը։ Հաճախ դրանք կրում են Երևան ժամանած ռուսաստանցիները, ովքեր այս տարի, տարբեր մարդկանց դիտարկումներով, մայրաքաղաքի փողոցներում մայիսյան օրերին ավելի շատ են, քան երբևէ։

Բացի ռուսաստանցիներից, գեորգևյան ժապավենները գովազդվում են նաև հայաստանցիների կողմից, փակցվում հագուստին, նաև՝ ավտոմեքենաների վրա։

Այդ համատեքստում շատ հետաքրքիր էր իմանալ, որ Ռուսաստանի դաշնակից և հակառակորդ նախկին ԽՍՀՄ մի քանի երկրներում` Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, որոշել են հրաժարվել այդ խորհրդանիշից, որը Ռուսաստանն ակտիվորեն սկսել է գովազդել 2005 թվականից։

Գեորգևյան ժապավենի պատմությունը ներկայացնելով՝ ռուսաստանցի լրագրող Օլեգ Կաշինն ընդգծում է, որ այն Ռուսական կայսրությունում ոչ թե սև-նարնջագույն, այլ սև-դեղին է եղել, իսկ Ստալինի օրոք վերակենդանացվել է, բայց արդեն սևի և նարնջագույնի համադրությամբ։ Այդ գույնի ժապավենի վրա են կախել Փառքի շքանշանը։ Ժամանակի ընթացքում ժապավենը սկսել է մոռացության մատնվել, սակայն 2005 թվականին մի խումբ երիտասարդ ակտիվիստներ սկսել են օգտագործել այն Մայիսի 9-ի օրվա կապակցությամբ։ ՌԴ իշխանություններին գաղափարը դուր է եկել, և արդեն հաջորդ տարի ժապավենը սկսել են ակտիվորեն տարածել նաև Կրեմլի մերձավոր շրջանակներն ու «Նաշի» երիտասարդական շարժումը։ Ինչպես գրում է Կաշինը, այն, ինչին դիպչում են «նաշիստները», վերածվում է քաքի։ Այն քաքի է վերածվել, որովհետև դարձել է Պուտինի քարոզչության դիմակներից մեկը։

Հայաստանյան իրականությունում գեորգևյան ժապավենների խնդիրն առաջին հայացքից արդիական չէ, և ամենևին էլ արժանի չէ առանձին հոդվածի։ Սակայն դրա օգտագործումը Հայաստանում չափազանց խորհրդանշական է ու արտացոլում է մեր երկրի այսօրվա վիճակը։ Մենք վաղուց չունենք սեփական արտաքին քաղաքականություն, վաղուց զրկված ենք տարբեր իրադարձություններին սեփական գնահատականը տալու հնարավորությունից, ու գրեթե ամեն ինչ մեզ ստիպում են ընկալել Ռուսաստանի պուտինյան վարչակազմի թելադրած նորմերով։

Գեորգևյան ժապավենը վերջին շրջանում դարձել է այն խորհրդանիշը, որը կրում են ռուսաստանցի վարձկանները, ովքեր ապակայունացնում են իրավիճակը Ուկրաինայում։ Ժապավենը դարձել է խորհրդանիշ մի երկրի, որի ղեկին կանգնած են կայսերականության ու ֆաշիզմի կողմնակիցները, որոնք ջարդեր են իրականացնում մեկ այլ երկրի տարածքում՝ առանց տարբերանշանների կանաչ կամուֆլյաժով զինվորներին ուղարկելով Արևելյան Ուկրաինա ու Ղրիմ։ Այսօր ՌԴ-ն կարողանում է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը ռուսաստանյան ֆաշիզմի հետ ասոցացվի, մինչդեռ բազմաթիվ այլ երկրներում փորձում են առավելագույնը անել ՌԴ-ի հետ չասոցացվելու համար։

Երկրորդ հանգամանքը․ գործընկերս՝ Յուրի Մանվելյանը, հաճախ կրկնում է, որ Ռուսաստանը մեզանից (Վրաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից և այլն) խլել է տիեզերք առաջին մարդուն ուղարկած երկրի փառքը։ Մենք բնակվել ենք նույն երկրում և նույնպես ավանդ ենք ունեցել դրանում, մինչդեռ այսօր այդ մասին չենք հիշում ու ապրիլի 12-ը չենք տոնում։ Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակն էլ հայաստանցիներից կամաց-կամաց խլում են։ Երևանյան փողոցներում հնչում են Հաղթանակի մասին ռուսալեզու երգեր, մենք սեփական խորհրդանիշը չունենք ու օգտագործում ենք ռուսաստանցիների կողմից վերակենդանացվածը, դիտում ենք ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ նաև ժամանակակից Ռուսաստանում նկարահանված պատերազմի մասին ֆիլմեր։ Մի կողմից՝ մենք ունակ չենք վերաիմաստավորել Երկրորդ համաշխարհայինն ու ազատ խոսել Ստալինի և Խորհրդային Միության հրեշավոր դերի, Հիտլերի հետ համագործակցության մասին, մյուս կողմից՝ մեզ ստիպում են կրկնօրինակել ներկայիս ֆաշիստական Ռուսաստանի՝ պատերազմի մասին հռետորաբանությունը։ Վատ չէր լինի, որ մի երգ էլ հայերեն հնչեր Երևանում, որը նվիրված է ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակին, որպեսզի ռուսերեն չիմացող երեխաներն էլ հասկանային, որ հայաստանցիներն այդ իրադարձության հետ կապ ունեն։ Եվ հարց է ծագում՝ ինչու այդ օրը չերգել ու չխոսել, օրինակ, ուկրաիներեն՝ մի երկրի լեզվով, որն իր ամբողջ տարածքով կրել է պատերազմի տառապանքները։

Այստեղ ոչ թե ազգային պահն է կարևոր, այլ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների դիրքավորումը։ Մենք՝ հայերը, եզդիները, ուկրաինացիները, ռուսները, վրացիները, ադրբեջանցիները, բելառուսները և այլն, պարտավոր ենք թույլ չտալ, որպեսզի ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակն օգտագործվի բռնապետության քարոզչամեքենայի կողմից։ Ոմանք դա կարողանում են անել, անգամ Բելառուսում ու Ղազախստանում քննարկում են գեորգևյան ժապավենների օգտագործման նպատակահարմարությունը, իսկ մենք էլ վերցնում ենք այն, ինչ մեզ տալիս կամ պարտադրում են։

Եվ վերջում, ինչպես առաջարկում է Կաշինը․

georgevyan

 

Արմեն Մ․