Home / Տեսանյութեր / ԱԺ-ի դիմաց պահանջեցին չընդունել Սևանի մասին օրենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ի դիմաց պահանջեցին չընդունել Սևանի մասին օրենքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Ազգային ժողովի շենքի դիմաց «SOS Սևան» նախաձեռնությունն ակցիա է անցկացրել՝ կոչ անելով ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել Սևանի մասին Կառավարության որոշմանը: Որոշումով, որն այսօր քննարկվելու է ԱԺ-ում, նախատեսվում է 40%-ով ավելացնել Սևանից ջրի բաց թողնման ծավալները։

Ակցիային մասնակցում էին ինչպես բնապահպաններ, այնպես էլ ազդակիր համայնքների բնակիչներ: Մարտունու բնակիչ Անահիտ Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ողջ համայնքն է դեմ Սևանա լճի մասին որոշմանը:

Բնակիչները նշել են, որ իրենց ձայնը բարձրացրել են նաև հանրային լսումների ժամանակ, սակայն իրենց կարծիքը հաշվի չեն առել:

«Ոչ մի ցանքատարածություն չի ավելացվել, էդ ինչպե՞ս պատահեց, որ հիմա ջուրը ոռոգման համար չի հերիքում: Պարզ է բոլորիս, որ ջրի բաց թողումն արվում է Արարատի մարզի ձնկաբուծարանները պահելու համար», – Epress.am-ին ասել է Գևորգյանը:

Ըստ նրա՝ վտանգավոր է նաև կառավարության մյուս որոշումը, որով նախատեսվում է Սևանա լճում ցանցավանդակային եղանակով տարեկան 50 հազար տոննա ձկան աճեցում արհեստական կերի հաշվին։

«Այդ հորմոնները կլցնեն լիճը, ու կփոխվի ողջ Սևանի ձկան որակը, ջրի որակը», – ասել է Անահիտ Գևորգյանը:

Ակցիայի մասնակից, բնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը կարևոր է համարել այն, որ ձկան աճեցման մասին որոշումը ևս ԱԺ բերվի։ Դա մինչ այժմ չի արվել, և պատգամավորների քվեարկությանն է դրվում միայն ջրի բաց թողնման ծավալների մեծացման որոշումը:

Զառաֆյանի խոսքով՝ մեծագույն վտանգն այն է, որ 5 տարի շարունակ նման մեծ ծավալների ջրի բաց թողնման դեպքում լիճն այլևս չի կարող վերականգնվել: