Home / Հայաստան / Քառյակի հետ հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ իր խոսքի տերն է․ մանրամասներ չի հաղորդել

Քառյակի հետ հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ իր խոսքի տերն է․ մանրամասներ չի հաղորդել

Հովիկ Աբրահամյանը, քիչ առաջ դուրս գալով Գագիկ Ծառուկյանի ԱԺ աշխատասենյակից, լրագրողների հարցերին ի պատասխան հրաժարվել է մանրամասներ հայտնել քառյակի հանդիպումից: Նա ասել է, որ քննարկվել է կուտակային համակարգի հարցը, սակայն մանրամասները խոստացել է ասել կառավարության կազմվելուց հետո միայն:

Լրագրողները նկատել են, որ, փաստորեն, վարչապետի խոստումն այն մասին, որ գանձումները կասեցվելու են, չի կատարվի, քանի որ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի կողմից ներկայացված նոր նախագիծը դա չի նախատեսում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ ինքը միշտ իր խոսքի տերն է:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական քառյակը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգութունը», հերթական հանդիպումն են նախաձեռնել Ազգային ժողովում, որն անցել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակում։ Հանդիպման մեկնարկին սենյակ է մտել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի և ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի ուղեկցությամբ։

Այցն անսպասելի է եղել հանդիպման մասնակիցների համար։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրել է՝ արդյոք Աբրահամյանը եկել է տեղեկանալու քառյակի ծրագրերից, ինչին վարչապետը պատասխանել է, որ ինքը եկել է որոշ տեղեկություններ հաղորդելու։