Home / Տեսանյութեր / Անուշադրության մատնվելու դեպքում եզդիները կկրկնեն Օսմանյան Թուրքիայի հայերի ճակատագիրը․ «Սինջար»

Անուշադրության մատնվելու դեպքում եզդիները կկրկնեն Օսմանյան Թուրքիայի հայերի ճակատագիրը․ «Սինջար»

Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին «Սինջար» եզդիների միավորումը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Իրաքում բնակվող եզդի ժողովրդի ճակատագրին։

Հայտարարության հեղինակները նշում են, որ 2007 թվականի ապրիլի 23-ին Մոսուլ քաղաքում իսլամիստ ահաբեկիչների կողմից հրապարակային գնդակահարվեցին 23 եզդիներ:

«Ահաբեկիչները կանգնեցելով ավտոբուսը` իջեցրել էին ազգությամբ եզդիներին և նրանց «դատապարտել» գնդակահարության, ըստ իսլամի օրենքների: Ցավոք սրտի, պետք է նկատել, որ սա Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ոչ առաջին և ոչ էլ վերջին ահաբեկչությունն էր: Այս սպանդի կազմակերպիչները չենթարկվեցին պատասխանատվության, որը և պարարտ հող ստեղծեց հետագայում եզդի ժողովրդի նկատմամբ նոր ահաբեկչություններ իրականացնելու համար», – նշված է հայտարարության մեջ:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է կատարվածը և կոչ է անում միջազգային հանրությանը՝ չանտեսել Իրաքում բնակվող եզդի ժողովրդի համար ստեղծված վտանգները, որոնց պատճառով Միջագետքի բնիկ ժողովուրդներից մեկը կկանգնի ոչնչացման վտանգի առաջ:

«Ուզում ենք հիշեցնել համայն մարդկությանը, որ Օսմանյան կայսրության տարածքում 1915 թվականի հայերի ցեղասպանությունը ևս «մարդակեր» հանցագործներին անպատիժ թողնելու արդյունք էր: Իրաքաբնակ եզդիների խնդիրները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում չլինելու դեպքում եզդիները կկրկնեն Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայ ժողովրդի ճակատագիրը», – եզրափակում են հայտարարության հեղինակները: