Home / Հայաստան / Լևոն Բարսեղյանը կարող է դատի տալ Գորիսի համայնքապետին

Լևոն Բարսեղյանը կարող է դատի տալ Գորիսի համայնքապետին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, 2014թ. մարտի 7-ին, առաջնորդվելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, տեղեկության հարցում էր հղել Գորիսի համայնքապետ Նելսոն Ոսկանյանին (լուսանկարում)՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները. 2013 թվականին Գորիսի քաղաքապետարանի համար ավտոմեքենա ձեռք բերելու վերաբերյալ Գորիսի ավագանու կայացրած համապատասխան որոշման պատճենը և ավագանու այդ նիստի արձանագրության պատճենը, վերջին յոթ տարիների ընթացքում Գորիսի քաղաքապետարանը քանի՞ մեքենա է ձեռք բերել, ի՞նչ մակնիշի մեքենաներ են և ի՞նչ նպատակով են օգտագործվում, ավտոմեքենաները ձեռք բերելու վերաբերյալ Գորիսի ավագանու կայացրած համապատասխան որոշումների պատճենները, համայնքապետի նախորդ ծառայողական ավտոմեքենան տեխնիկապես ի՞նչ վիճակում է գտնվում, ե՞րբ է այն գնվել, ի՞նչ գնով, ի՞նչ մոդելի եւ ո՞ր թվականի արտադրության է այն: Գնման ի՞նչ ընթացակարգով է ձեռք բերվել մեքենան: Խնդրվել էր տրամադրել նաև այդ մեքենայի գնման փաստաթղթերի կրկնօրինակները:

«Ասպարեզ»-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ այդ հարցումը, ըստ վերադարձած ծանուցագրի վրա եղած ամսաթվի և ստորագրության, Գորիսի քաղաքապետարան է մուտքագրվել մարտի 12-ին:

Հարցմանը օրենքով սահմանված ժամկետում պատշաճ պատասխան չստանալով՝ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մարտի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Հայրապետյանի հետ՝ հիշեցնելով նրան վերոհիշյալ հարցումը, տեղեկության հարցման պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետները: Վերջինս բացատրել է, թե հարցումն իսկապես ստացվել է ու հանձնարարվել է ֆինբաժնին` պատասխան նախապատրաստել:

«Գորիսի համայնքապետարանում հիշյալ հարցումն ստանալուց հետո արդեն անցել է 40 օր, իսկ հարցման որևէ պատասխան դեռ չի ստացվել։ Այսպիսով, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը` տեղեկություն հարցնողին տեղեկությունը տրամադրվում է գրավոր հարցումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:

Մինչև 2014 թ. ապրիլի 30-ը խնդրո առարկա հարցման պատշաճ պատասխանը չստանալու դեպքում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իր իրավունքի վերականգնման համար կդիմի դատարան», – ասված է հաղորդագրության մեջ: