Home / Հայաստան / Կենսաթոշակայինի նոր նախագիծը պատրաստ կլինի 2 օրվա ընթացքում․ Արծվիկ Մինասյան

Կենսաթոշակայինի նոր նախագիծը պատրաստ կլինի 2 օրվա ընթացքում․ Արծվիկ Մինասյան

Առաջիկա երկու օրերի ընթացքում պատրաստ կլինի կուտակային կենսաթոշակի մասին կառավարության պատրաստած նախագիծը։ Այս մասին Կառավարությունում թեմայի շուրջ քննարկումից հետո հայտնել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Շատ ենք գնահատում այն, որ վարչապետը պատրաստակամ է այդ խնդիրները լուծել։ Խնդիրը երկու փուլի է բաժանվում։ Առաջինն այս հատվածն է, որ պետք է վերականգնվի հասարակության վստահությունը։ Նշանակում է՝ էնպիսի փոփոխություններ պետք է լինեն, որ քաղաքացիները բացառապես իրենց կամահայնտությամբ մասնակցեն համակարգին, չի լինելու որևէ պարտադրանք, տույժ, տուգանք։ Երկրորդը փուլը նոր մոդելի մշակումն է, որ ավելի երկար ժամանակ է պահանջում»,- ասել է Արծվիկ Մինասյանը։

ՀՅԴ-ական պատգամավորն ասել է, որ քանի դեռ նոր նախագիծը չկա, դրա մասին կարծիք հայտնել չի կարող, սակայն քննարկումը վարչապետի հետ անցել է դրական մթնոլորտում, ինչը կարտացոլվի նախագծում։

Նշենք, որ քննարկմանը մասնակցել են բոլոր խորհրդարանական ուժերը, բացի ՀԱԿ-ից։