Home / Տեսանյութեր / Սահմանամերձ գյուղի բնակիչների վրա կրակել են այգիներում աշխատելու ժամանակ․ տուժածներ չկան

Սահմանամերձ գյուղի բնակիչների վրա կրակել են այգիներում աշխատելու ժամանակ․ տուժածներ չկան

Տավուշի մարզի Չորաթան համայնքի ուղղությամբ այսօր առավոտյան ժամը 9։00-ից ադրբեջանական կողմից սկսված կրակոցները դադարել են մոտ 20 րոպե անց։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է համայնքապետ Վարուժան Բաղմանյանը։

«Մարդիկ դաշտերում ու այգիներում աշխատում էին՝ կրակոցները սկսվեցին։ Մեր խաղողի այգիները շատ մոտ են սահմանին ու հենց գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ կրակում են աշխատող ժողովրդի վրա։ Այդ ընթացքում գյուղացիները թաքնվել էին խրամատներում, հիմա դուրս են եկել այգիներ ու զբաղված են իրենց գործերով», – պատմել է համայնքապետը։

Նրա խոսքով՝ տուժածներ չեն եղել, քանի որ հակառակորդի կողմից կրակոցներն իրենց գյուղում պարբերական բնույթ են կրում ու գյուղացին արդեն գիտի, թե ինչ պետք է անի նման իրավիճակում։

«Մի քանի օր առաջ մեքենաներին էին խփում, այսօր կրակում էին կոնկրետ մարդկանց ուղղությամբ։ Այս պահին իրավիճակը հանգիստ է, մեր կողմից պատասխան կրակոցներ չեն հնչել, քանի որ հակառակորդի կրակահերթերը կարճ են տևել», – եզրափակել է Բաղմանյանը։