Home / Հայաստան / Հայաստանն ամուր դիրքեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում․ Սերժ Սարգսյան

Հայաստանն ամուր դիրքեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում․ Սերժ Սարգսյան

Հայաստանը հայ-թուրքական գործընթացը սկսել է, հրապարակայնացրել է ազնիվ մղումներով, որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնի նոր մակարդակի։ Այս մասին այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում խորհրդակցության ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը։

«Եթե որևէ մեկին թվում է կամ այն ժամանակ թվում էր, որ մենք դրա դժվարությունները չէինք գիտակցում, ապա նա խորապես սխալվում է: Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք և ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել: Ընթացքում տեսաք, որ մեր բանակցող կողմը, որովհետև դժվար է իրենց գործընկերներ ասել, փորձեց նախապայմաններ առաջադրել, փորձեց յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ, այնուհետև նաև փաստաթղթի որոշակի կետեր, բայց այսօրվա դրությամբ կարող ենք փաստել հետևյալը, որ հենց այդ պատճառով գործընթացը մտավ փակուղի և այսօր սառեցված է:

Այնուհանդերձ, մենք պետք է արձանագրենք արդյունքները և, առաջին հերթին, այստեղ էլ ասենք, որ գործընթացի սառեցումը ևս կանխատեսելի էր, և որևէ մեկը չի կարող ասել, որ մենք մտածում էինք, որ, անպայման, կհասնենք խնդրի լուծման վերջնակետին: Պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները, մեզ բարին ցանկացողներն ու աջակցողները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ: Ինչու՞ է սա կարևոր, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Հիմա, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում», – ասել է Սերժ Սարգսյանը:

Նա պնդել է, որ այսօր թուրքերը իրենց ողջ ուժերը նետել են Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ցեղասպանությանը վերաբերող բանաձևի դեմ պայքարելուն:

«Գիտե՞ք, որ վերջին 24 տարիների ընթացքում սա առաջին այդպիսի որոշումն է: Եթե մենք վնաս ենք հասցրել այդ գործընթացին և այն, ըստ ոմանց, պետք է կասեցվեր, ապա ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ այսօր: Կա՞ արդյոք մեկը, ով այսօր առանց աչքերը գետնին հառելու կպնդի, որ այդ արձանագրությունները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը և որ այդ արձանագրություններով ուղղակի մենք հիմք են ստեղծում փոխզիջումների: Խնդրից տեղյակ մարդիկ գիտեն, որ այսօր մենք այդ գործընթացում ունենք շատ հաստատուն դիրք, ամուր հիմքեր: Երբ Պաշտպանության բանակի հրամանատարը զեկուցում էր, տեսաք, թե լարվածության ինչպիսի աստիճան կա առաջին գծում: Ինչո՞վ է դա պայմանավորված. եթե բանակցային գործընթացում իրենց դիրքերը լավ են, և իրենք իրենց համար կարող են բարենպաստ լուծում ունենալ, ինչո՞ւ են լարվածությունն ավելացնում: Եվ ինչո՞ւ վերջին երեք-չորս տարիների ընթացքում լարվածությունն առաջին գծում այդքան բարձրացավ: Այսինքն՝ մի ճակատում տեսնում են, որ հաջողություն չունեն, փորձում են ճնշում գործադրել, փորձում են շանտաժի ենթարկել, փորձում են և՛ մեզ, և՛ միջազգային հանրությանն ասել, որ, միևնույնն է, մենք ուզում ենք, որպեսզի խնդիրն այսպես լուծվի: Բայց բանակցային գործընթացում շատ ակնհայտ է, որ մենք հիմա շահեկան դրության մեջ ենք…

…Ակնհայտ է՝ եթե այդ փաստաթուղթը բխեր թուրքերի շահերից, նրանք վաղուց ոչ մի բանի առջև կանգ չէին առնի՝ ո՛չ Ադրբեջանի կարծիքի, ո՛չ որևէ մեկի կարծիքի, և այդ փաստաթղթերը հանգիստ կվավերացնեին: Եվ եթե այդ փաստաթղթերը բխեին թուրքական կողմի շահերից, այդ փաստաթղթերը լարվածություն չէին առաջացնի Թուրքիայի ներքաղաքական կյանքում», – հայտարարել է Սարգսյանը: