Home / Հայաստան / Տնօրենը լուծարել է դասարանը, որպեսզի ստիպի աշակերտին փոխե՞լ դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը՝ դեպքի մասին

Տնօրենը լուծարել է դասարանը, որպեսզի ստիպի աշակերտին փոխե՞լ դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը՝ դեպքի մասին

Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցի 6բ դասարանի աշակերտ Հովհաննես Ղազարյանը հրաժարվել է համադասարանցիների պահանջով փոխել դպրոցը, որից հետո վերջիններս տեղափոխվել են այլ դասարան, և ինքը մնացել է 6բ դասարանի միակ աշակերտը։ Ապրիլի 10-ին դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը հրաման է ստորագրել՝ «6բ-րդ դասարանի թվով 24 սովորողներից 23-ի տեղափոխման պատճառով 6բ-րդ դասարանը համարել փակված»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով երեկ այցելել է դպրոց։ Ավելի վաղ տղայի ծնողները Epress.am-ին ներկայացրել էին կոնֆլիկտի պատճառները։

Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ՝ տնօրենը չկարողացավ պատասխանել իր հարցին, թե ո՞ր օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է իրեն վերապահված դասարանը փակված համարելու լիազորություն: Այս հարցի պատասխանը չուներ նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

«Վերը նշված հրամանի ստորագրման հետևանքով կոպտորեն ոտնահարվել են 6բ դասարանում մնացած միակ աշակերտ Հարություն Ղազարյանի իրավունքները: Գայանե Դեմիրյանին ուղիղ հարցրի, թե արդյոք այդ հրամանի ստորագրումից հետո Հարություն Ղազարյանը համարվում է թիվ 71 դպրոցի աշակերտ: Նա միանշանակ դրական պատասխան տվեց: Այդ դեպքում ո՞ր դասարանի աշակերտ է Հարությունը. այս հարցին տիկին Դեմիրյանը չուներ պատասխան: Հաջորդ հարցին, որ եթե Հարությունը վաղը առավոտյան ժամը 8.30-ին ներկայանա դպրոց, ո՞ր դասարանում պետք է կրթություն ստանա, Դեմիրյանը նույնպես պատասխան չուներ (վերջին տասն օրերին Հարությունը դպրոց չի հաճախում՝ առողջական խնդրի պատճառով)», – գրել է Փաշինյանը:

Ըստ պատգամավորի՝ տնօրինությունը ծանուցում է ուղարկել Ղազարյաններին, որտեղ նրանց տեղեկացրել է, թե 6բ դասարանը, որտեղ սովորում էր Հարությունը, փակված է, իսկ 6ա դասարանը կոմպլեկտավորված է առավելագույն թվով աշակերտներով, այսինքն՝ Հարությունին չեն կարող այդ դասարան տեղափոխել:

«Այսպիսով, թիվ 71 դպրոցը, որ Հարությունի ծնողների հետ ունի նրա ուսումնառությունը կազմակերպելու պայմանագիր, հրաժարվում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները 6բ-րդ դասարանի աշակերտ Հարություն Ղազարյանի նկատմամբ: Սա անթույլատրելի, աղաղակող փաստ է, և պետք է արժանանա համապատասխան գնահատականների», – գրել է Նիկոլ Փաշինյանը: