Home / ԼԳԲՏ+ / «Գնացի զուգարան ու փռթեցի երակներս»․ 3 պատմություն նվաստացումների մասին

«Գնացի զուգարան ու փռթեցի երակներս»․ 3 պատմություն նվաստացումների մասին

Աշխարհի տարբեր երկրներում` սկսած 1996 թվականից, ապրիլի երրորդ ուրբաթ օրը նշվում է որպես «Լռության օր»: Լռության օրվա հիմնական նպատակը ուսումնական հաստատություններում բռնությունների, անհանդուրժողականության, հետապնդումների, խտրականության խնդիրների վրա հասարակության ուշադրության սևեռումն ու դրանք վերացնելու նպատակով արդյունավետ պատասխան քայլերի մշակումն է:

Հոդվածը՝ Հեղինե Բաբայանի

Արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը (նվաստացումներ, բուլիինգ) անցանկալի, ագրեսիվ վարք է դպրոցականների և ուսանողների շրջանում, որը ներառում է իրական կամ ենթադրյալ ուժերի անհավասարակշռություն և կրկնվելու հատկություն ունի:

Երբեմն երեխաները ծաղրուծանակի են ենթարկում այլոց, որպեսզի չտարբերվեն մյուսներից և լինեն ընդունելի ընկերների համար, երբեմն էլ դա անում են, որովհետև խնդիրներ ունեն (խնդիրներ տանը, վատ վերաբերմունք այլոց կողմից, սթրես), ինչպես նաև հնարավոր է` իրենք էլ են ենթարկվել բուլիինգի:

Հայաստանում, ցավոք, չկա նսեմացումը հասցեագրող ոչ իրավական դաշտ, ոչ ռազմավարություն և ոչ էլ ճշգրիտ պատկերացումներ: Ավելին` իրավիճակն առավել խնդրահարույց են դարձնում հայկական մտածելակերպը, անհանդուրժողականությունն ամենի հանդեպ, ինչ դուրս է սահմանված «ավանդական կանոններից», «ազգայնականության առասպելները», իրազեկվածության, իրավագիտակցության ցածր մակարդակը, հասարակությունում փոխհարգանքի բացակայությունը և այլն:

Հայաստանյան իրավիճակը ներկայացնենք իրական մարդկանց պատմություններով:

Արմինե, 18 տ. (անվտանգության նկատառումներից ելնելով` հերոսի անունը փոփոխված է)

«Սկսեմ նրանից, որ ես փոխել եմ 6 դպրոց` ամեն մեկում բուլիինգի ենթարկվելով: Առաջին 2-3 դպրոցներում ինձ ծաղրում էին, քանի որ ես վատ էի տեսնում ու ակնոցներ էի կրում` 4 աչքանի էին կոչում, ու հետագայում, երբ տեղափոխվեցի 4-րդ դպրոց, հասկացա, որ ամեն ինչ ավելի թեժացել է, ու սկսեցի պայքարել դրա դեմ: Մի պահ շատ չարացել էի ու բոլորի հետ կռիվ էի անում, բայց իմ գլխին ավելի ու ավելի էին սարքում. մոտիկանում էն աղջիկները` ասելով, որ իմ գլխին սարքել են, ես գնում էի ինչ-որ մեկի հետ խոսալու, և պարզվում էր, որ այնտեղ 6 տղա ինձ էին սպասում ու պայմանավորված եկել էին ինձ ծեծելու: Հետագայում դպրոցներ փոխելը դարձավ գործից փախնելու կամ ինչ-որ խնդրից փախնելու մի մեծ միջոց: Հետագայում ստացվեց այնպես, որ, տղաները ինձ կոչում էին լեսբուհի, ինձ չէին մոտենում, անգամ ինչ-որ բաներ էին անում, աղջիկները չէին մոտենում, քանի որ համարում էին, որ ես իրանց համակրում եմ, բայց իրականում ես անգամ ինքս էլ չէի հասկացել` ով եմ ես, և, քանի որ ուշադրություն չէի դարձնում տղաներին, բոլորը անպայման մտածում էին, որ ես պետք է լեսբուհի լինեմ: Հետագայում ես փոխում էի դպրոցներն իրար հետևից` փախնելով խնդիրներից, ու ստացվեց, որ շատ ժամանակ հիվանդ էի ձևանում, որ չգնամ դպրոց: Տենց ամեն դպրոցի հետ կորում էր վստահությունս, բայց ոչ այնքան, որքան մնացած դպրոցներում, որտեղ տղաները իրենց ավելի անշնորհք էին պահում: 14 տարեկանում կոնկրետ գիրք էի գրել` «Ինչպես ինքնասպան լինել», ընդհանուր բոլոր մեթոդներն ինքնասպան լինելու, նրանց մանրամասն բոլոր պայմանները, ինչ է հարկավոր, որ հետագայում երբեք հետ չգաս` չհասկանալով, որ դա նույնպես մեծ փախուստ է, բայց դեպի ոչմիտեղ: Այդպես մայրիկը գտավ իմ գիրքը ու մեր մոտ եղավ մեծ խոսակցություն, թե ինչի համար է ինձ այդ գիրքը պետք ու ինչի համար եմ գտել ամենահեշտ միջոցներն այդ քայլին դիմելու, երևի ամենամեծ վստահությունը, որ պետք չէ դա անել, իմ մայրիկն էր ներշնչել ինձ:

Հետագայում ես մեծ կռիվների մեջ էի հայտնվում, տուն էի գալիս աչքերիս տակ կապտած: Աղջիկները գալիս էին՝ ասելով․ «դու ո՞վ դառար, խի՞ ես գալիս դպրոց»:

Դպրոցը ավարտելուց հետո ես գնացի քոլեջ, որտեղ իրավիճակը էլ ավելի վատացավ, ինձ նորից լեսբուհի էին ասում, չգիտեմ էլ ինձ ինչու էին այդպես վերաբերվում: Բայց շուտով պարզվեց՝ ինչու: Աղջիկների միակ խոսակցությունները իրենց ապագա ամուսինների մասին էր, որն ինձ չեր հետաքրքրում, դրա համար ես հանդիսանում էի դասարանում ամենա չկամ մարդը` լեսբուհին:

Այդպես դպրոցի վերջին տարում հասկացա, որ պարզվում է՝ ինձ շատ շատ մարդիկ սիրում էին: Ինձ չի թվում, որ ես փոխվել եմ շատ, բայց շատ մեծ ազդված եմ հոգեբանական այդ ամեն ինչի պատճառով, քանի որ համարում եմ, որ մանկությունը ու դպրոցը դա մարդու կյանքի մեծ մասն է, և դրանով է մարդը մարդ դառնում, դրա համար ես չեմ ուզենա, որ մեկը անցնի այն ամեն ինչի միջով, ինչով ես եմ անցել, և դպրոց փոխելն էլ խնդրի լուծում չէ»:

Ալեքս, 15տ. (անվտանգության նկատառումներից ելնելով` հերոսի անունը փոփոխված է)

«Ես երրորդ դասարանից փոխեցի դպրոցս: Փոքր ժամանակվանից ոչ մեկ չէր սիրում ինձ: Ես լիքը խնդիրների առաջ էի կանգնում միշտ: Ինձ ձեռ էին առնում, շատ բաներ էին անում ու ասում էին, որ ես եմ արել, ես էլ չէի կարողանում ոչ մի բան ասեի: Դասատուների դեմը կարող է ինձ խփեին, ձեռքերս թանաք անեին, թղթեր փչեին վրաս, ես ահավոր նեղվում էի: Ես փոքր ժամանակվանից սկսեցի թերագնահատել ինձ, որովհետև ոչ մի տեղ ինձ չէին հասկանում, ու ես ընկերներ չունեի ու ոչ մեկի հետ չէի կարողանում խոսել: Բոլորն ընկերներ ունեին, դասերից հետո կարող էին գնալ մի տեղ, իսկ իմ հետ ոչ մեկ լավ չէր, ու ես ոչ մեկի դրա մասին չէի ասում ու պահում էի իմ մեջ: Ու արդեն, որ ես հասկանում էի էսա գնալու եմ դպրոց ու ամեն ինչ վատ ա լինելու, ես ուղղակի սկսեցի չգնալ դպրոց: Տանից դուրս էի գալիս ու անկապ գնում, ֆռում էի ինչ-որ տեղ: Նենց ստացվեց, որ ես անցա էդ սահմանը չգնալու, ու դասատուները զանգեցին տուն: Ես տանից էլ էի փախնում, որովհետև տանն էլ լիքը խնդիրներ ունեի: Հետո ինձ գտնում էին ու ես ուղղակի չէի կարողանում բացատրեի, ինչի ես չեմ գնացել դասի: Հետո նենց ստացվեց, որ չգնալու պատճառով, բացակաների, դա ինձ խանգարում էր սովորել, ու տենց ես չէի էլ ուզում սովորել, համարյա չէի սովորում, տանը մի երկու բան էի անում ու գնում էի անկապ նստում էի դասարանում: Դասատուներն էլ ինձ չէին սիրում, ու ահավոր ցածր էին դնում, ու նույնիսկ որոշ առարկաներից վերաքննության էին թողնում: Դրա պատճառով տանը վրաս ահավոր ջղայնացան, ու, քանի որ տանն էլ իմ համար լավ չէր, ես փախա տանից, գնացի մի հատ անտառոտ տեղ, մի հատ թել էի գտել ու կախվել էի ձողից: Առաջին անագամ 11 տարեկանում ինքնասպանության փորձ էի արել, չգիտես խի: Ուշքս գնացել էր պահի տակ, հետո, որ արթնացա գետնին էի, երեևի թելը պոկվել էր, ու վզիս վրա մեծ կարմիր շռամ էր: Ես սկսեցի քայլել, ու նենց ստացվեց, որ տաքսու վարորդներ ինձ բռնեցին ու տարան ոստիկանություն, հետո մամայենք եկան, ինձ վերցրեցին:

Հետո սկսեցի նորից գնալ կամ չգնալ դպրոց, վերաքննություններիս էի պատրաստվում, ու ոչ ընկերներ ունեի ու ոչինչ, ես ինձ ահավոր թերագնահատում էի ու ամենավատն էի համարում:

Ընթացքում ես գտա էմո ստիլը, հասկացա՝ ինչ ա դա, ու ես հասկացա, որ դա ոնց որ ես լինեմ: Ես սկսեցի հագնվել հնարավորինս էտ ստիլով, իսկ դա դպրոցում իմ համար ընդհանրապես վատ դարձավ, էն ժամանակ, որ ես հասարակ երեխա էի, վատ էր, հիմա կրկնակի վատ դարձավ իրանց վերաբերմունքը իմ նկատմամբ: Խփում էին, բրդում էին, գցում էին: Ես աշխատում էի դասարանից էլ դուրս չգալ: Էլի ահագին ժամանակ չէի գնում դպրոց: Ես ֆիզկուլտուրայի էլ չէի գնում, որովհետև վախենում էի գնայի հանդերձարան, ինձ հաստատ ձեռ կառնեին: Գնում էի, ժամերով զուգարանում մնում էի, էտ հոտերի մեջ` միշտ տենց փախնելով:

Մեր դասարանում մի տղա կար, ով իմ հետ շփվում էր, նոր էր եկել մեր դասարան: Միասին քայլում էինք, ու մեր հետևից տղաներ էին գալիս, ու իրանք էնպես արեցին, ես ընկա գետնին ու սկսեցի լացել, չէի կարողանում ոտքի վրա կանգնել: Հետիս տղան օգնեց, գնացի դասարան, հետո հաջորդ դասամիջոցին էլ էի դուրս եկել, եկա հետ դասարան, տեսա բոլոր պատերին, սեղանիս, շկաֆի վրա՝ «էմո հեռացիր, էմո, էմո է» գրած…։ Էտպես ես ահավոր նեղվեցի նորից: Հետո ես գնացել էի զուգարան ու փռթել էի երակներս:

Հետո սկսեցին մազերիս կպնել, ասում էին՝ մինչև մազերդ չկտրես, չգաս դասի: Ասում էին՝ դու մեր դասարանի պատիվը գցում ես: Ես լրիվ մենակ էի, էն տղան էլ հետս չէր շփվում: Քիչ էր մնում մեռնեի: Մեր դասղեկը ուզում էր, որ մազերս կտրեի, ես գնացի կողքերը թրաշեցի, չոլկաս էլ երկար թողեցի, որ էտ պահին մեղմեի իրավիճակը: Բայց մի շաբաթից դասղեկը էլի մտավ ներս, ինչ ուզես ինձ չասեց, ասեց՝ կգնաս մազերդ կկտրես, ես ասեցի, որ չեմ կտրի, ասեց․ «Նենց չանես քեզ էստեղ հանվացնեմ ու ես բերեմ մազերդ կտրեմ»: Ես նեռվայնացա, սեղանը բրդեցի, վրան տետրեր կային, թափվեցին իրա վրա, ու ինքը ինձ տարավ փոխտնօրենի մոտ, ու փոխտնօրենը ասեց․ «Կարող ա՞ դու տրանս ես, այ տղա»։ Ես սկի չգիտեի՝ էդ ինչ ա:

Էդ էմո ժամանակներս սոցիալական կայքերով գտա երկու ծանոթ մարդ, իրանք ինձ շատ մոտիկ դառան: Մենք իրարով մի ձև ապրում էինք: Ես գնում էի դպրոց, իրանց էի զանգում:

Ես ուղղակի գտա էն մարդկանց, ովքեր ինձ հասկանում էին: Իրանց մոտ էլ շատ խնդիրներ կային, օրինակ, իրանց մեջ մի աղջիկ կար, ով մազերը կարճ էր կտրում ու տղայի նման էր, ու դպրոցում չէին հասկացել, որ ինքը աղջիկ ա, ու իրան ծեծել էին: Մենք իրար հասկանում էինք, բայց էլի իմ համար ահավոր բարդ էր:

Իրանք հատուկ պայմանավորվում էին, դասերից հետո դպրոցի դիմաց կանգնում էին, որ ինձ ծեծեն: Առաջին հարկում մի հատ պատուհան կար, հաճախ էտ տեղով էի թռնում տուն գնում, որ ոչ մեկ ինձ ոչինչ չանի:

Ամեն ինչ էնքան ահավոր էր, որ ես մեր դասարանի երեխեքին ասում էի, եթե ինձ չեք սիրում, գնացեք բողոք գրեք, թող հանեն ինձ դպրոցից, որովհետև էլ չէի կարողանում»:

Վրեժ, 18տ.

«Եթե ես սկսեմ սկզբից, բուլիինգ ասվածը իմ հետ եղավ հիմնականում քաշի պատճառով, որովհետև ես շատ չաղ եմ եղել, ու իմ չաղության պատճառով իմ հետ ոչ մեկ չէր խոսում: Իմ կողքով քայլելը մարդիկ համարում էին հանցագործություն: Ես սենց չեմ եղել, ու մտքովս երբեք չի անցել, որ ես կարող եմ ինձ համարել սիրուն, կամ սիրուն նկար անեմ: Ու ես մինչև հիմա հիշում եմ էն դրվագը, որ ես 6-րդ, 7-րդ դասարանում դուրս էի գալիս դպրոցից, ինձ դարպասների մոտ սպասում էին մի խումբ աղջիկներ` ձերքերում պոնչիկներ, ու էտ պոնչիկները իմ հետևից էին շպրտում: Դա շարունակվեց էնքան ժամանակ, մինչև ես բուլիինգ տեսա իմ «ընկերների» կողմից, որովհետև իմ մոտիկ «ընկերները» սկսեցին ինձ ձեռ առնել, ասելով, նիհարի, դու սենց չպիտի լինես, քեզ ոչ մեկ չի հավանի, ու էտ թեմայով ես խորը դեպրեսիա տարա ու 3 ամիս ես ոչինչ չէի ուտում. ես փակվում էի սենյակում ու նիհարում էի, ու էտ էնքան հետաքրքիր մի էտապ էր, որ ես կանգնում էի հայելու դիմաց ու տեսնում էի, որ ես փոխվում եմ: Ես մի հատկություն պահպանեցի իմ մեջ, ես չէի չարանում մարդկանց հանդեպ, ես իմ հանդեպ էի չարանում, ես, էսպես ասեմ, ինձ էի վնաս տալիս: էտ երեք ամսվա ընթացքում ես 40 կիլոգրամ նիհարեցի, ու էտ ժամանակ ես զգացի, որ ես կարող եմ լրիվ ուրիշ մարդ լինել: Էտ 9-րդ դասարանում էր, ես հագնվեցի նենց, որ կյանքում չէի կարող պատկերացնել, որ ես կարող եմ նեղ ջինս հագնեմ, կամ կարճաթև մայկա, որովհետև ես ամաչում էի իմ քաշից, բայց մինչև բուլիինգը ես չէի նեղվում իմ քաշից, ես լրիվ ուրիշ բաների վրա էի կենտրոնացած: Ես համարում էի, որ քաշը չի, որ մարդուն որակավորում կարող է տալ: Երբ որ ես նիհարեցի, իմ մեջ ինչ-որ խիզախություն մտավ, ես հասկացա, որ ես կարող եմ մարդկանց դուրը գալ, որ ես էլ կարամ սիրուն լինեմ, ու տենց մանրուքներ, և էտ ժամանակ ես խոստովանեցի, որ ես գեյ եմ: Էտ ժամանակ սկսվեց նոր բուլիինգ, սեռականի պատճառով: Ես սկսեցի ինձ ազատ պահել, որովհետև նախևառաջ իմ հոգեկանը վատ վիճակում էր, որ ես նիհարեցի ահավոր ագրեսիվ դարձա, ու շրջապատի մարդկանց հանդեպ ահավոր վատ էի տրամադրված, որովհետև ես յուրաքանչյուր մարդու մեջ տեսնում էի մարդ, որ ինձ կարող է ծաղրել: Էտ ժամանակ ես համարում էի, որ եթե ես չաղ էի ու դուք ինձ ծաղրում էիք, հիմա դուք ինձ չեք կարող ծաղրել, որովհետև ես հիմա նիհար եմ, ու լիքը մարդ իմ վրա ուշադրություն ա դարձնում, ու ամենազարմանալին էն էր, որ էն մարդիկ, ովքեր ինձ ձեռ էին առնում, հիմա սիրահարվում էին ինձ, էն աղջիկները, ովքեր իմ հետևից պոնչիկ էին գցում, սոցցանցերում ինձ ընկերության առաջարկ էին անում ու ասում էին, թե ինչ լավն եմ ես: Էտ ժամանակ ես մոդել էի աշխատում, չուզենալով, ես ուզում էի ապացուցեի, որ ես էլ ունեմ իմ տեղը շրջապատի մեջ, որ դուք չունեք ինչ-որ պատճառ իմ հետ չշփվելու, դեռ մի բան էլ դուք եք գալու շփվեք, իսկ ես չշփվեմ:

Էտ ընթացքում մամաս էլ իմացավ, որ ես գեյ եմ:

Ես 3 ամիս չուտելու պատճառով առողջական խնդիրներ ստացա, որ մինչև հիմա մնացել ա, մամաս որոշեց, որ քաղաքում ինչքան հոգեբան կա, հոգեբանը մեղմ է ասած` հոգեբույժ, ես իրանց դռներով պիտի վազեմ: Ինչքան հոգեբան կա էս քաղաքում, ինձ մեջքով գիտի:

Ես դպրոցս փոխել էի բուլիինգի պատճառով, ես սովորում էի Կրուպսկայայի դպրոցում, զգացի, որ էլ չեմ կարա սովորեմ, կամ պիտի կռիվ անեմ էտ մարդկանց հետ, արյունլվիկ լինի, կամ պիտի ինքնասպանություն անեմ, որովհետև իրոք էտ ժամանակ ես էտ մտքերով էի, ես պիտի քցվեմ, ես սենց չեմ կարում: Ես ուղղակի հասկացա, որ ես չպիտի ինձ ցավ պատճառեմ:

Կրուպսկայայի դպրոցից տեղափոխվեցի Անդրանիկ Մարգարյանի դպրոց: Ես արդեն չաղ չէի, ու հիմա իմ սեռական կոմնորոշմանն էին կպնում:

Ես դպրոցս ավարտեցի ու ընդունվեցի ինստիտուտ:

Սկսվեց նոր բուլիինգի շրջան իմ մոտ: Էն, որ դասախոսները խոսում են գեյ թեմայի մասին ու նայում են իմ վրա, ասում են, որ հանկարծ իրանք չիմանան, որ էս կուրսում սովորում է ուրիշ օրիենտացիայով մարդ: Ու էս ամեն ինչը թատերական իստիտուտում…: Ու առաջին ամիսը, որ ես սովորում եմ` էս սեպտեմբեր, կուրսում ոչ մեկ հետս չէր շփվում, հիմա էլ չի շփվում: Իրենք հեռու են քաշվում, ինադու գալիս են հեռախոսով. «Բա կյանք, մեր կուրսում մի հատ գոմիկ ա սովորում», ու դա իմ դեմը: Ես շատ նեղվեցի, ես անընդհատ լացում էի: Մեր կուրսից մի տղա գրել ա վեց էջանոց մի պատմություն իմ մասին`Մաքսի մասին, անունը փոխել ա, ու դա ակնհայտ ես եմ`իմ պահվածքն ա, իմ հագուկապն ա: Ինքը նկարագրում ա ինձ, ինձանից զզվում ա:

Ես ինստիտուտի շրջանը ահավոր ծանր էի տանում, ես կակազել սկսեցի, ու հոգեբանական խախտում էր սկսվել մոտս: Ես լիքը դեղեր խմեցի, գնացի հոգեբանի մոտ, պահ եկավ, որ ես կորցրեցի ինձ, էն ինքնավստահությունը, որ ես ունեի, կորավ: Ես նստում մտածում էի՝ ի՞նչ փոխեմ իմ մեջ, որ մարդիկ փոխեն վերաբերմունքն իմ հանդեպ:

Արվեստի ինստիտուտում սովորող մարդը, ես էտպես եմ համարում, չպիտի հոմոֆոբ լինի, ստեղծագործող մարդը սահմաններ չունի, իսկ մեր մոտ լիքը մարդ` սաղ ինստիտուտն ա հոմոֆոբ:

Էտ ամբողջ իրավիճակից ուղղակի ես մի բան հասկացա, որ մարդիկ իրականում կեղծ են, որ իրանց համար ավելի կարևոր ա՝ դու ինչ արտաքին ունես: Ես էլի չփոխվեցի, ես արտաքինով փոխվեցի, բայց մնացի նույն մարդը, ոչ էլ իմ հետաքրքրությունները փոխվեցին: Եթե ես սիրում էի կինո նկարել, ես էլի սիրում էի, ես սիրում էի սև գույնը, ես նորից սիրում էի սև գույնը, իմ մեջ մենակ արտաքինը փոխվեց, իրանք դրա վրա էին նայում»: