Home / Տեսանյութեր / «Նուբարաշեն»-ում պահվող մեղադրյալն ասեղ է կուլ տվել․ նրան չէին վիրահատում

«Նուբարաշեն»-ում պահվող մեղադրյալն ասեղ է կուլ տվել․ նրան չէին վիրահատում

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Հրաչյա Գևորգյանը կատարել է երկու օր առաջ տված իր խոստումն ու ասեղ է կուլ տվել։ Այս մասին Epress.am-ին փոխանցել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը։

Գևորգյանը երկար ժամանակ պահանջում է վիրահատել իրեն ու հեռացնել որովայնում առկա մեխը, սակայն ՔԿՀ-ի ղեկավարությունը նրա պահանջներին չի արձագանքում։ Մեխը նա կուլ էր տվել՝ ի նշան բողոքի քննչական մարմնի գործողությունների դեմ։

Երկու օր առաջ Գևորգյանը հերթական անգամ վիրահատելու մասին դիմում էր գրել ՔԿՀ-ի ղեկավարությանը՝ խոստանալով, որ ասեղ կուլ կտա, եթե նրա դիմումին չարձագանքեն։ Այսօր նա կատարել է խոստումը՝ ասեղ կուլ տալով իր խցում՝ ՔԿՀ-ի աշխատակիցների ներկայությամբ։ Այժմ նրան կարող են հիվանդանոց տեղափոխել սոնոգրաֆիայի համար։

Epress.am-ն ավելի վաղ մի քանի անգամ անդրադարձ է կատարել Հրաչյա Գևորգյանի դատավարությանը։

Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Գևորգյանը և Գարիկ Հարությունյանը պատանդ են վերցրել Նաիրա Հարությունյանին, ով քաղաքացիական ամուսնության մեջ էր գտնվում Գևորգյանի հետ, նրա անչափահաս որդուն, ապա պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից` Ս.Հարությունյանից, գումար են պահանջել, որը ստանալուց հետո ազատ են արձակել պատանդներին:

Դատավարության ընթացքում վկաներից մեկը՝ Մերի Իսրայելյանը, պատմել է, թե ինչպես է Նաիրա Հարությունյանի հայրն իրեն խնդրել Հրաչյա Գևորգյանի դեմ ցուցմունք տալ։

Հիշեցնենք, որ Գևորգյանի գործի ձգձգումից դժգոհ նրա մայրը բողոքի ակցիա էր անցկացրել՝ փորձելով ինքնահրկիզվել նախագահական նստավայրի մոտ: