Home / Տեսանյութեր / ՍԴ նախագահից 90 րոպե պահանջվեց կուտակայինը չեղյալ հայտարարելու համար

ՍԴ նախագահից 90 րոպե պահանջվեց կուտակայինը չեղյալ հայտարարելու համար

Կուտակային կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչն անվավեր է ճանաչվել ՍԴ-ի կողմից՝ սահմանելով, որ արդեն գանձված գումարները պետք է վերադարձվեն քաղաքացիներին։ Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը 11:00-ից սկսած հրապարակում էր Կուտակային կենսաթոշակային օրենքի մասին իր որոշումը։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը վճիռն ընթերցում էր մոտ 90 րոպե։

Ելույթի վերջում նա հայտարարեց, որ խնդրո առարկա հոդվածները հակասահմանադրական են։

«Սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանդրությանը հակասող ճանաչված իրավանորմերը ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին իրենց իրավասության շրջանակներում Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին։ Որոշման պահանջներից բխող իրավակարգավորումներից ելնելով՝ վերահաշվարկի են ենթակա մինչ այդ կատարված կուտակային բոլոր վճարները», – հայտարարել է Գագիկ Հարությունյանը։

Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որի համաձայն՝ 1974թ․ հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների «կեղտոտ» աշխատավարձերից պարտադիր պահվելու էր 5%-ից 10 տոկոսը: 2013թ․ դեկնետմերին ԱԺ 4 ոչ կոալիցիոն ուժերի 36 պատգամավորներ դիմել էին ՍԴ՝ վիճարկելով օրենքի մի շարք հոդվածների հակասահմանադրականությունը։ Մասնավորապես, հայցվորը պահանջում էր չեղյալ համարել օրենքի պարտադիր բաղադրիչը։