Home / Տեսանյութեր / Ուկրաինայի ԱԳՆ-ն Հայաստանին սպառնում է հարաբերությունների վատթարացմամբ

Ուկրաինայի ԱԳՆ-ն Հայաստանին սպառնում է հարաբերությունների վատթարացմամբ

Հայաստանի կողմից Ղրիմի անեքսիան ճանաչելը կարող է բացասական հետևանքներ ունենալ հայ-ուկրաինական հարաբերությունների համար։ «ՈւՆԻԱՆ»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկին։

«Ուկրաինայում Հայաստանի դեսպանն արդեն երկու անգամ հրավիրվել է Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարություն։ Մենք նրան հայտնել ենք մեր մտահոգության մասին, համապատասխան հանձնարարություն է ստացել Հայաստանում մեր դեսպանությունը։ Այսօր հայկական կողմին ներկայացվել է նոտա՝ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ բացատրություններ ստանալու վերաբերյալ։ Մենք դիմել ենք Հայաստանին, որպեսզի երկիրը պաշտոնապես ու հրապարակավ հայտնի, որ չի ճանաչում Ղրիմի անեքսիան։ Եթե երկիրը հրապարակի այնպիսի դիրքորոշում, որը մենք կկարողանանք բնութագրել որպես ոչ բարեկամական, ապա դա բացասական հետևանքներ կունենա մեր երկկողմանի հարաբերությունների վրա»,- հայտարարել է Լուբկիվսկին։

Հարցին՝ արդյոք կարող է խոսք գնալ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, Լուբկիվսկին պատասխանել է․ «Երկկողմանի հարաբերությունների վրա վատ հետևանքները լայն շրջանակ ունեն, որը կկիրառվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը ստանալուց հետո»։