Home / Հայաստան / Խաղաղության Նոբելյան մրցանակն առաջարկում են ադրբեջանցի գրողին տալ

Խաղաղության Նոբելյան մրցանակն առաջարկում են ադրբեջանցի գրողին տալ

Միջազգային մի շարք հասարակական գործիչներ առաջարկել են ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի թեկնածությունն առաջադրել 2014 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին։ Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը՝ ընդգծելով, որ դիմումը նաև ստորագրել է հայտնի ադրբեջանցի գրող Չինգիզ Հուսեյնովի որդին՝ ՄՊՀ դասական բանասիրության ու փիլիսոփայության պրոֆեսոր Հասան Հուսեյնովը։

Նոբելյան կոմիտեին ուղղված նամակում Այլիսլիի առաջադրումը հիմնավորվում է «Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև թշնամանքի հաղթահարման հարցում նրա կողմից դրսևորված զարմանալի համարձակությամբ»։ «Խաղաղ գործընթացը չի կարողանում դուրս գալ փակուղուց, այսպիսով, փխրուն խաղաղությունն ամեն վայրկյան կարող է վերածվել նոր պատերազմի։ Միայն հայտնի մարդկանց ձայները կարող են երկու ազգերին մղել միմյանց ներելուն և, վերջապես, համաձայնության հասնելուն։ Պարոն Այլիսլին բավականաչափ համարձակ էր առաջին քայլն անելու ու թշնամուն ձեռք մեկնելու համար։ Մենք վստահ ենք, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք պատրաստ են նույն կերպ պատասխանել»,- ասված է Նոբելյան կոմիտեին ուղղված նամակի մեջ։

2013 թվականին Ադրբեջանում Աքրամ Այլիսլիի դեմ արշավ սկսվեց՝ «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում «Քարե երազներ» վեպի հրապարակումից հետո։ Ստեղծագործությունը նվիրված է Ադրբեջանական ԽՍՀ-ում բնակվող հայերին: «Քարե երազներ» վեպում զուգահեռներ են անցկացվում 1919 թվականին Ագուլիսի հայ բնակչության ջարդերի ու 70 տարի անց Սումգայիթում ու Բաքվում տեղի ունեցած կոտորածների միջև։

Վեպի հրապարակումից հետո Այլիսլին զրկվել է Ադրբեջանի ժողովրդական գրողի ու արվեստի վաստակավոր գործչի կոչումից, նրա որդին ու կինը կորցրել են աշխատանքը։ Ադրբեջանի տարբեր քաղաքներում անցկացվել են Այլիսլիի գրքերի ու նկարների այրման ակցիաներ։ Բացի դա, հեղինակին մեղադրել են հայկական ծագում ունենալու մեջ։ Գրականությունից բացի, 76-ամյա գրողը վերջին տարիներին հրապարակայնորեն հանդես է գալիս քննադատությամբ երկրի ղեկավարության հասցեին՝ իշխանություններին մեղադրելով այլախոհների ու ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ հետապնդումների, քաղբանտարկյալների առկայության մեջ։

Նոբելյան կոմիտեին ուղղված դիմումը ստորագրողների թվում են անտրոպոլոգիայի և Եվրոպայի սոցիալական հետազոտությունների պրոֆեսոր Սերգեյ Աբաշինը, գրող, ռուսական ՊԵՆ ակումբի նախագահ Անդրեյ Բիտովը, սոցիալական ու քաղաքական գիտությունների պրոֆեսոր Քրեյգ Քալհունը, դասական բանասիրության և փիլիսոփայության պրոֆեսոր Հասան Հուսեյնովը, սոցիալական հետազոտությունների պրոֆեսոր, Քաղաքական տեսության և կիրառական քաղաքագիտության կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մալախովը, այլք։