Home / Տեսանյութեր / Երևանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիայի 3 մասնակցի բերման են ենթարկել

Երևանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիայի 3 մասնակցի բերման են ենթարկել

Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտից րոպեներ առաջ 3 ակտիվիստի բերման են ենթարկել։ 13։30-ին մի խումբ քաղաքացիներ ցույց են սկսել ՌԴ դեսպանատան մոտ՝ բողոքելով ռուսաստանյան զորքերի՝ Ղրիմ ներխուժման դեմ։ Ակցիայի մասնակիցները հավաքվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող ՌԴ դեսպանատան մայթին։ Ոստիկանները պահանջել են հավաքվել հակառակ մայթին, իսկ ակտիվիստները խնդրել են պարզաբանել նման պահանջի պատճառները։ Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, զրույցի ժամանակ ակտիվիստներին մի խումբ ոստիկաններ են մոտեցել և սկսել են նրանց հրել դեպի քաղաքապետարան։ Այդ ընթացքում բերման են ենթարկել ցույցի մասնակիցներ Տիգրան Պարսիլյանին, Լալա Ասլիկյանին, Էդուարդ Մկրտչյանին։

Ոստիկանները ստիպել ակտիվիստներին անցնել փողոցը, և այս պահին ցույցը շարունակվում է ՌԴ դեսպանատան դիմացի մայթին։ Ցույցի վայրում մոտ 4 տասնյակ ակտիվիստներ են հավաքված։

Ցուցարարներին մոտեցել է Երևանի ավագանու անդամ Ստոյպա Սաֆարյանը, ով հարց է ուղղել ոստիկաններին, թե որն է ակտիվիստների խաղաղ բողոքը խոչընդոտելու պատճառը։ Ոստիկաների աշխատանքը համակարգող Վալերի Օսիպյանը պատասխանել է, որ ցուցարարները խոչընդոտում են դեսպանատան բնականոն աշխատանքը։ Արդյոք դեսպանատանից գրավոր խնդրանք ունեն հարցին՝ ոստիկանները չեն պատասխանել՝ խնդրելով դիմել, ոստիկանության լրատվական վարչություն։

Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ որպես Երևանի ավագանու անդամ պարտավոր է ապահովել բողոքն ազատ արտահայտելու իրավունքը, իսկ ակտիվիստներին բերման ենթարկելը որակել է որպես առևանգում։