Home / Տեսանյութեր / Մաքսային միություն, Եվրոպա, ԲՀԿ, իշխանափոխություն․ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը

Մաքսային միություն, Եվրոպա, ԲՀԿ, իշխանափոխություն․ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը

Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալն այլևս անշրջելի է, իսկ եվրոինտեգրումը տեսանելի ապագայում՝ անհնարին: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հնչեցրած իր ելույթում հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսացկության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ տարբեր քաղաքական կուսակցություններ, անտեսելով այդ փաստը, կարող են ստեղծեն սին պատրանքներ, կեղծ օրակարգեր, բայց Հայաստանի առջև մեկ խնդիր է կանգնած:

«Այժմ Հայաստանի առջև հետևյալ խնդիրն է կանգնած․ ունենալ այնպիսի իշխանություն, որը իրավիճակի կլինի Մաքսային միության հնարավորությունները ծառայեցնել մեր ազգային շահերին: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը այդ իշխանությունը չէ», – ասել է ՀԱԿ առաջնորդը:

Լևոն Տեր-Պետրոսյանը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունը մի գիշերում դարձել է ռուսամետ, թեև մինչ այդ երդվյալ եվրոպամետ էր, և որոշել է մտնել Մաքսային միություն:

«Գավառամտությունից առավել դա բացատրվում է նրանով, որ եթե առաջ համարում էին, որ իրենց լեգիտիմությունը կախված էր արևմուտքից, ապա այժմ միայն Ռուսատանից: Հայաստանը Մաքսային միություն է մտնում ձայնազուրկ հպատակի կարգավիճակով։ Այս իշխանությանը պակասում է ազգային շահի գիտակցությունը: Եթե ունենային այդ զգացումը, այդքան քամահրանքով չէր վերաբերվի սեփական ժողովրդին: Շախմատային լեզվով ասած՝ Սերժ Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն: Նրա իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի և Արցախի համար: Նա կամ պետք է հանձնվի, կամ փորձանք կբերի Հայաստանի գլխին: Ժամանակն է, որ նա խոհեմություն դրսևորի և հրաժարական տա: Փառապանձ գեներալի հանճարեղ բնորոշմամբ վերջին բոլշեվիկը պետք է հեռանա (ԵԿՄ վերջին համագումարին Սերժ Սարգսյանին վերջին բոլշեվիկ էր անվանել Մանվել Գրիգորյանը խմբ.)»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Քաղաքացիական շարժումների մասին

Անդրադառնալով Հայաստանում գործող քաղաքացիական շարժումներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ այժմ այդ շարժումները սոսկ սոցիական հարցերի վերաբերյալ չէ որ խոսում են:

«Քաղաքական և քաղաքացիական շարժումները ոչ թե իրարամերժ, այլ իրար փոխլրացնող երևույթներ են։ Դրանց հակադրումը ձեռնտու է միայն բռնապետական ռեժիմներին: Եթե հակադրվեն, ոչ մեկը, ոչ մյուսը՝ հաջողության չի հասնի», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով՝ քաղաքացիական շարժումներ մոտ ապագայում նոր առաջնորդներ են ծնելու, ինչպես դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում:

ԲՀԿ-ի մասին

Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության» (ԲՀԿ) վերջին համագումարին։ Նա նշել է, որ խոշոր գործարարների այս կամ այն չափի մասնակցությունը համաժողովրդական պայքարին կարող է վճռական դեր խաղալ իշխանափոխության գործընթացում։ Այս առումով Տեր-Պետրոսյանը սիմպտոմատիկ է համարել Գագիկ Ծառուկյանի կողմից ԲՀԿ համագումարին հնչեցրած պատգամները։

Ծառուկյանի ելույթը քննադատողներին՝ Տեր-Պետրոսյանը հետևյալ հարցն է ուղղել․

«Ինչո՞վ է Գագիկ Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց, ում հաջողվեց, շնորհիվ նաև Միխեիլ Սաակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել: Կամ Ռինատ Ախմետովից և Սերգեյ Տիգիպկոյից, ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում: Ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը, ՀԿ-ները, քաղաքացիական շարժումները, պետական ապարատի գիտակից զանգվածը, գործարար աշխարհը հոգով ու մտքով ընկալեն Հայաստանի փրկության համար ներկայումս ստեղծված գերնպաստավոր պահի ողջ իմաստը, որովհետև այդ պահը կորցնելու պատասխանատըվությունը ընկնելու է բոլորիս վրա», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Իշխանափոխության մասին

ՀԱԿ առաջնորդն ընդգծել է, որ ՀԱԿ-ը ձգտում է ամբողջական իշխանափոխության, այն է՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների, սակայն գիտակցում է, որ դա միայնակ անել չի կարող և անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի աջակցությունը:

«Վերջիններս սակայն, կարծես, ավելի հակված են ավելի հանգրվանային, փուլային լուծման, այնինքն՝ նախ պարտադրել կառավարության հրաժարականը, և դրանից հետո միայն մտածել նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին»,- ասել է ՀՀ առաջին նախագահը: Նա նշել է, որ ՀԱԿ-ը պատրաստ է այդ հարցում համագործակցել, բայց երբեք մաս չի կազմի Սերժ Սարգսյանի ձևավորած որևէ կառավարության:

Տեր-Պետրոսյանն ասել է, որ չի հայտարարում հաջորդ հանրահավաքի օրը՝ սպասելով այսօր իր կողմից արտահայտված մտքերին՝ մյուս քաղաքական ուժերի արձագանքին: ՀԱԿ առաջնորդը չի բացառել, որ մոտ ապագայում քաղաքական ուժերը հանդես կգան համատեղ հանրահավաքով: