Home / Հայաստան / Առողջապահության նախարարը «ստվերի» դեմ կպայքարի՝ հղիներից փող գանձելով

Առողջապահության նախարարը «ստվերի» դեմ կպայքարի՝ հղիներից փող գանձելով

Յուրաքանչյուր լաբորատոր կամ գործիքային հետազոտության համար քաղաքացիները պոլիկլինիկաներում ստիպված կլինեն վճարել 500-ից 1000 դրամ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Այս կարգը առայժմ չի տարածվի մարզային պոլիկլինիկաների վրա: Առողջապահության նախարարության աշխատակից Կառլեն Անտոնյանը ռադիոկայանին ասել է, որ սա սիմվոլիկ գումար է, և այս նախաձեռնությամբ հավաքված գումարի 50%-ը տրվելու է որպես աշխատավարձ՝ բուժաշխատողներին: Նա, սակայն, չի պարզաբանել՝ ուր է գնալու մյուս 50%-ը:

Վճարովի են դառնալու նաև հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները: Դրանց համար հղի կանայք պետք է վճարեն օրական 5000 դրամ: Այս համեմատաբար թանկ գինը սահմանելով, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի խոսքով, պետութունը պայքարում է ստվերի դեմ:

Նախարարն ասել է, որ հղիության 22 շաբաթական վիժման համար պետությունն ավելի շատ գումար է փոխանցում հիվանդանոցին, քան, ասենք, 19 շաբաթականի դեպքում, և բուժհիմնարկները փորձում են օգտագործել այս սողանցը։

«Հիմա ինչպե՞ս անեմ, որ այս խախտումը վերացնեմ: Մեկն այն է, որ ձեռքս խփեմ, ասեմ՝ հրաման են տալիս, ով այսպիսի խախտում անի, կհեռացնեմ: Էլի կգա ինձ մասնագիտորեն կհամոզի, որ 22 շաբաթական էր, 23 շաբաթական էր, ոչ թե 21: Ինքը 2 շաբաթ սխալվելու իրավունք ունի: Բայց ի՞նչ անեմ, որ իմ ստատիստիկան իրական լինի: Ուրեմն ես այս երկուսի գները պետք է նույնականացնեմ»,- ասել է նախարարը: