Home / Տեսանյութեր / «Չաթլախ» նշանակում է «ճաք տված»․ Հովիկ Աբրահամյանը «ցավում է նման խոսքերի համար»

«Չաթլախ» նշանակում է «ճաք տված»․ Հովիկ Աբրահամյանը «ցավում է նման խոսքերի համար»

Թող Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չնեղանա, եթե ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն իրեն ասեն` «Ղալաթ ես անում, չաթլախ»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Նա հիշեցրել է, որ Հրայր Թովմասյանը, պատասխանելով, լրագրողների այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում 4 խմբակցությունների մտադրությանը անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը, ասել է․ «Ղալաթ են անում»։

Ռուստամյանի խոսքով՝ նախարարը ոչ միայն ներողություն չի խնդրել իր խոսքերի համար, ինչն անթույլատրելի է, այլ ասել է, որ արաբերեն «ղալաթ» նշանակում է սխալ։

«Փոխանակ ասի՝ սայթաքել եմ, սխալ եմ արել, ներողություն, ավելի ա խորացնում հարցը։ Եթե այդ տրամաբանությամբ ենք շարժվում, եթե բառարաններով պետք է որոշենք՝ ով ինչ ա ասում, ուրեմն մենք էլ ենք էդ բառերին տիրապետում։ Եթե օրինակի համար ասենք․ «Ղալաթ ես անում, չաթլախ», չնեղանա», – ասել է Ռուստամյանը, որի բառերից հետո խոսափողն անջատել են ու նա չի հասցրել բացատրել, թե ինչ նկատի ուներ այդ արտահայտությունն անելով։

Հետագայում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Ստեփան Մալխասյանի բացատրական բառարանում գրված է, որ «չաթլախ» բառը նշանակում է «ճաք տված»։

ԱԺ-ում Ռուստամյանի հայտարարություններից հետո դահլիճում աշխուժություն է սկսել, և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատգամավորներին մի քանի անգամ լռելու կոչ է արել։ Պատգամավորներից մեկը տեղից պահանջել է «Էթիկայի հանձնաժողով հրավիրել»։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ «ցավում է նման արտահայտությունների համար»։

«Շատ վատ երևույթ է, մի մոռացեք, որ մեր ապագա սերունդը նաև լսում է մեզ։ Պարոն Բաբլոյան (ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյան – խմբ․), ի՞նչ կա ուրախանալու, գոնե տխրեք ուրախանում եք։ Վատ երևույթ է, պարոն Ռուստամյան, ես Ձեզ կոչ կանեի այդպես չպատասխանել։ Մենք դատապարտում ենք նման յուրաքանչյուր վերաբերմունք թե՛ նախարարի, թե՛ պատգամավորի կողմից, մեզ հարիր չի՝ նման ոճով քննարկումներ կազմակերպել Ազգային ժողովում», – ասել է Աբրահամյանը։