Home / Հայաստան / Քաղաքապետարանը հրահանգել է ապամոնտաժել վթարային շենք մտնող գազի խողովակը, պատմել է բնակիչը

Քաղաքապետարանը հրահանգել է ապամոնտաժել վթարային շենք մտնող գազի խողովակը, պատմել է բնակիչը

Երևանի քաղաքապետարանը հերթական «անակնկալն» է մատուցել Շինարարների 15 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին՝ այս անգամ հրահանգել է ապամոնտաժել շենք մտնող գազի խողովակը։ Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում պատմել է շենքի բնակչուհի Անուշ Գասպարյանը և վստահություն հայտնել, որ «ահաբեկչությունը սրանով չի ավարտվելու»։

Նշենք, որ օրեր առաջ «Երանի-Ջուր» ՓԲԸ-ին հրահանգել են կտրել շենքը մատակարարող ջրի ընդհանուր խողովակը։

«Գնացինք վարչություն, ասացին, որ մարդկայնորեն հասկանում են մեզ, իսկ փոխտնօրենը տոնայնությունը բարձրացնելով ասաց՝ «գնացեք, ձեր քաղաքապետարանին ասեք, մենք կապ չունենք»։ Մնացել ենք հոսանքի հույսին, սպասում ենք, թե երբ են գալու դա էլ կտրեն ու վերջ։ Եկել եմ տուն ու չգիտեմ՝ ո՞նց վարվեմ անկողնային հիվանդ ծնողիս հետ, ինչպե՞ս խնամեմ։ Հույս ունեմ, որ քաղաքապետարանը խելամիտ կգտնվի ու մինչև լույսը կտրելը կգա ընդառաջ մեր պրոբլեմին, ու կբանակցենք։ Քաղաքապետարանը մեկուսացած մի ամրոց է, որտեղ գնալը, խոսելը ուղղակի անհնար է», – ասել է մեր զրուցակիցը։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ չնայած ստեղծված պայմաններին՝ իրենց շենքի մթերային խանութը շարունակում է աշխատել՝ «արդեն 2-րդ շաբաթն է, առանց ջրի խանութում հրուշակեղեն ու սնունդ են վաճառում»։

Ավելի վաղ Գասպարյանն ասել էր, որ խնդիրներն առաջացել են այն ժամանակ, երբ քաղաքապետարանն ակնհայտ խախտումներով սկսել է վերաբնակեցնել շենքի բնակիչներին։

Սիսակյան 22 հասցեում ինձ հատկացրել է պակաս քառակուսիներով բնակարան, մինչդեռ շենքի մի շարք բնակիչների ավել քմ-ով բնակարաններ է տվել։ Փաստաթղթեր կեղծելով՝ բերել, մարդկանց գրանցել է մեր շենքում, ապա վերաբնակեցրել Սիսակյան փողոցում գտնվող նորակառույցում։ Բնականաբար, փոքր բնակտարածքի պայմանները չընդունելով՝ մեր և ևս մեկ ընտանիք չի համաձայնել դուրս գալ շենքից։ Այս պահին 3 ընտանիք է բնակվում շենքում, որոնցից մեկի հետ դատական հայց ենք ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ։ Որպես ՀՀ օրինապահ քաղաքացիներ` ընտանիքներով որոշել ենք հարցը կարգավորել դատական ճանապարհով և պահանջելու ենք համաչափ բաշխում», – պատմել է մեր զրուցակիցը։

Գասպարյանի խոսքով՝ անգամ դատական հայցը ներկայացնելուց հետո քաղաքապետարանը որևէ կերպ չի արձագանքել՝ մինչդեռ, ըստ բնակչի, կարող էր «ալտերնատիվ տարբերակ առաջարկել»։