Home / Հայաստան / ԲՀԿ-ն պետք է դառնա ժողովրդի խոսափողը, ցանկանում է Ծառուկյանը

ԲՀԿ-ն պետք է դառնա ժողովրդի խոսափողը, ցանկանում է Ծառուկյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովրդի կողմից մեծ աջակցություն է ստացել, սակայն պարզվել է, որ դա բավարար չէր ԲՀԿ-ի պատկերացրած կառավարությունը կազմելու և սեփական ծրագրերը կյանքի կոչելու համար: Այս մասին ԲՀԿ 7-րդ համագումարին հնչեցրած իր ելույթում ասել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Համագումարը դռնփակ է եղել, իսկ ելույթը հրապարակվել է ԲՀԿ-ի պաշտոնական կայքում։

«Կար երկու ճանապարհ՝ մաս կազմել իշխող կոալիցիային, վերցնել պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար՝ միաժամանակ չունենալով հնարավորություն սեփական ծրագրերը իրականացնելու:

Եվ երկրորդ տարբերակը` հրաժարվել բոլոր իշխանական լծակներից ու պաշտոններից, արձանագրել մեր ծրագրերի ու մոտեցումների սկզբունքային տարբերությունները ու արդեն նոր կարգավիճակով կազմակերպել աշխատանքները` թե՛ խորհրդարանում, թե՛ ժողովրդի հետ: Մենք միասին ընտրեցինք երկրորդ տարբերակը:

Սա դժվար, երկարատև աշխատանքի, բայց նաև արժանապատիվ կեցվածքի ճանապարհն էր: Բայց, եթե մենք այսօր չանենք հաջորդ քայլերը, ապա կմնանք կես ճանապարհին:

«Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքականությանն իրական այլընտրանք:

Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է ներկայացնենք մեր այլընտրանքային տարբերակը: Ցանկացած նոր օրենքի դեպքում, որը կբերվի խորհրդարան ու որին մենք դեմ ենք, պետք է հստակ բացատրենք ժողովրդին, թե ինչու ենք դեմ, և ինչ ենք առաջարկում ինքներս:

Հասարակության տարբեր շերտերի բողոքի ու դժգոհության դեպքում կուսակցությունը պետք է լինի այդ մարդկանց կողքին, լսի նրանց խնդիրները և փորձի հասնել դրանց արդարացի լուծմանը:

Սիրելի պատգամավորներ, քաղխորհրդի անդամներ, ավագանու անդամներ, ձեր աշխատատեղը ոչ թե տաք ու հարմարավետ սենյակներն են, այլ փողոցները, բակերը, դահլիճները, որտեղ կհավաքվեն մարդիկ` իրենց խնդիրները բարձրացնելու համար», – ասել է Ծառուկյանը:

Նա նշել է, որ համագումարով կուսակցության բարեփոխումների նոր հիմքն է դրվում, որի նպատակը լինելու է վերը նշված խնդիրների լուծումը:

«ԲՀԿ-ն պետք է լինի բաց՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ:

Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, ով չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական–հասարակական կոնսոլիդացիա, նա պարզապես չի պատկերացնում մեր պետության առջև կանգնած խնդիրները ու հետևաբար չի կարող ունենալ քաղաքական ապագա:

Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, և որ ամենակարևորն է՝ հասարակությունը: Մենք պետք է բաց լինենք նաև իշխանության մեջ առկա առողջ շրջանակների համար, որտեղ նույնպես կան բանիմաց ու երկրի ապագայով մտահոգ մարդիկ։

«Բարգավաճ Հայաստանը» հիմնական քաղաքական ուժերին, հասարակական ակտիվ շրջանակներին առաջարկում է կազմել հստակ քաղաքական-հասարակական-սոցիալական-տնտեսական միասնական օրակարգ և դրան հասնելու հստակ ճանապարհային քարտեզ:

Մեր երկրի ճակատագիրը մեր ձեռքերում է: Մեր փոխարեն մեր երկիրը ոչ ոք չի զարգացնելու, չի պաշտպանելու: Մենք կա՛մ այս գաղափարով կվարակենք ողջ ժողովրդին, կա՛մ մեր պետությունը կարող է կանգնել անվերադարձ կորուստների եզրին: Այդպես հաճախ է եղել մեր պատմության տարբեր փուլերում:

Ես պատրաստ եմ հրավիրել մեր երկրի լավագույն տնտեսագետներին՝ հավաքվելու, խելք-խելքի տալու, երկիրն այս վիճակից հանելու լուրջ ծրագիր մշակելու: Ես պատրաստ եմ ցանկացած գումար դնել՝ հրավիրելու աշխարհի ամենահեղինակավոր տնտեսագետներին՝ միասին աշխատելու, միասին լուծումներ գտնելու: Ես պատրաստ եմ գնալ աշխարհի բոլոր հայաշատ երկրները, հանդիպել մարդկանց, համոզել վերադառնալ հայրենիք` իրենց տների լույսը վառել: Ես պատրաստ եմ ողջ աշխարհով` մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը`իսկ արդյոք կա՞ն երաշխիքներ և համապատասխան պայմաններ:

Ցավոք, այսօր ես չունեմ այդ հարցի պատասխանը», – ասել է ԲՀԿ նախագահը: