Home / Հայաստան / Զինծառայողի մահվան իրական մեղավորին չեն բացահայտել, պնդում է տուժող կողմը

Զինծառայողի մահվան իրական մեղավորին չեն բացահայտել, պնդում է տուժող կողմը

2005 թվականին բանակում սպանված զինծառայող Խաչատուր Մելիքյանի ծնողները դժգոհ են դատաքննության ընթացքից և դատավճռից։ Այս մասին Մելիքյանի մայրը՝ Դոնարա Մելիքյանը ասել է Galatv․am-ի հետ զրույցում:

Մոր խոսքով՝ սկզբում իրենց ասել են, թե որդին մահացել է թշնամու գնդակից, նրան հետմահու շքանշանով են պարգևատրել, սակայն հետագայում ծնողները պարզել են, որ իրականում զինվորի մարմնին բազմաթիվ վնասվածքներ են եղել։

«Ոչ մի հրամանատար պատասխան չի տա իր արածի համար: Կգցեն մի զինվորի վրա, էդ զինվորին կդատեն կամ չեն դատի»,- ասել է նրա մայրը՝ տիկին Դոնարան:

Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ հետագայում նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել Մելիքյանի զինակիցներից մեկի դեմ՝ անզգուշությամբ մահ պատճառելու մեղադրանքով: Ամբաստանյալ Միշա Դումիկյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, սակայն ազատ արձակվել՝ համաներմամբ: Մարտիրոսյանի խոսքով՝ Դումիկյանը ևս զոհ է, և նա չէ Մելիքյանին սպանողը: Կողմը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է վճիռը, սակայն այն մնացել է անփոփոխ:

Մարտիրոսյանը նշել է, որ քննությունը խայտառակ ընթացք է ունեցել, և չի բացահայտվել՝ ով է Մելիքյանին բազմաթիվ մարմնական վնասվածքներ հասցրել։