Home / Հայաստան / Զարուհի Փոստանջյանը երկրի ղեկավարների համար կենդանիների պատկերով բացիկներ է պատրաստել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զարուհի Փոստանջյանը երկրի ղեկավարների համար կենդանիների պատկերով բացիկներ է պատրաստել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե դեկտեմբերի 23-ին ընդդիմադիր քաղաքական ուժերի դրսևորած միասնությունը մեկ տարի առաջ լիներ՝ 2012 թվականի դեկտեմբերին, և ընդդիմությունը միասնական թեկնածու առաջադրեր նախագահական ընտրությունների ժամանակ, ապա այսօր Հայաստանն այլ վիճակում կլիներ, և, գուցե, երկիրն ազատված կլիներ իշխանությունը բռնազավթած մարդկանցից։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Պատգամավորի խոսքով՝ թեև ընդդիմադիր խմբակցությունների միջև դեռևս որոշակի անվստահություն կա, բայց որոշ չափով միասնություն էլ կա։

2014 թվականից սպասելիքների մասին խոսելով՝ Փոստանջյանն ասել է, որ այժմ պայքարը պետք է տեղափոխվի հրապարակներ:

«Մենք պետք է լինենք հրապարակում, մեր քաղաքացիների հետ: Դա է հասարակության առաջարկը և պատվերը, որը մենք պետք է իրականացնենք», – ասել է Փոստանջյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը լրագրողներին ցույց է տվել նաև բացիկներ, որոնք նվիրելու է ՀՀ նախագահին, վարչապետին, ՍԴ նախագահին և ԱԺ նախագահին: Բացիկների վրա պատկերված են տարբեր կենդանիներ։

Տեսանյութում Փոստանջյանը պատմում է բացիկների մասին