Home / Հայաստան / Դիլիջանում կրակոցների հետևանքով 2 մարդ է մահացել

Դիլիջանում կրակոցների հետևանքով 2 մարդ է մահացել

Դիլիջանում հնչած կրակոցների հետևանքով դեկտեմբերի 25-ի գիշերը մահացել է «տեղական հեղինակություն» Նավոն: Այս մասին հայտնում է NEWS.am կայքը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Կայքի տեղեկություններով՝ Նավասարդ Աբգարյանը մահացել է վիրահատությունից հետո, նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են եղել: Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նաև վիճաբանությանը մասնակցած Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի 34-ամյա որդին՝ Արտավազդ Թամրազյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (2 կամ ավելի անձանց սպանության) և 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: շ

Առայժմ ձերբակալվածներ չկան:

Երկու խմբերի միջև վիճաբանությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 24-ին Դիլիջանում։ Թե ովքեր են եղել վիճաբանության բոլոր մասնակիցները և ինչն է դարձել կրակոցների պատճառ, առայժմ հայտնի չէ։ Նավասարդ Աբգարյանը Դիլիջանի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր որդին է: