Home / Տեսանյութեր / «Շահերի բախում»․ Պատգամավորը պնդել է՝ ԱԺ նախագահը ձկնաբուծարաններ ունի

«Շահերի բախում»․ Պատգամավորը պնդել է՝ ԱԺ նախագահը ձկնաբուծարաններ ունի

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր Ազգային ժողովում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված շահերի բախում է նկատել։ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Փոստանջյանն ասել է, որ օրենքը վերաբերում է ձկնարտադրության, իսկ որոշ ԱԺ անդամներ, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանն այդ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն են ծավալել:

Օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել բնօգտագործման վճարի հաշվարկման գործող կարգը. եթե ջրօգտագործման ամբողջ ծավալի փոխարեն բնօգտագործման վճարի հաշվարկման հիմքում դրված էր օգտագործված ջրի ծավալի միայն 5 %-ը, ապա այժմ օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում բնօգտագործման վճարի հաշվարկման հիմքում դրվող խնդրո առարկա հաշվարկային ծավալը բարձրացվել և սահմանվել է արդյունահանված ստորերկրյա ջրերի պաշարի ընդհանուր ծավալի 50 %-ի չափով: Այսինքն՝ ձկնաբույծների վճարած գումարն ավելանալու է 10 անգամ:

Կառավարությունը նաև առաջարկում է ավելացնել տուգանքը խախտումների համար՝ այն սահմանելով 300 հազար դրամ:

Օրենքի վերաբերյալ իր ելույթում ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն ընդունել է, որ ջուրը շատ կարևոր է, բայց պետք է մտածել՝ այն գինը, որ սահմանված է պահպանության համար, չափազանց բարձր չէ՞ արդյոք: Օրենքի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև արտահերթ ելույթով հանդես եկած Հովիկ Աբրահամյանը, ով առաջարկել է «ավելի ընդգրկուն փաթեթ» ներկայացնել:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասել էր, որ տուգանքների չափը չի սահմանափակելու խախտումները, քանի որ 300 հազար դրամը մեծ գումար չէ խոշոր բիզնեսների համար: Ըստ Մարուքյանի՝ օրենքը միայն կարող է ոլորտը տանել խոշորացման:

Զարուհի Փոստանջյանը խնդրի կապակցությամբ հայտարարել է. «Մենք տեսնում ենք շահերի բախում ԱԺ-ում: Այս դահլիճում կան մարդիկ, ովքեր ունեն լճեր և ձկնարտադրությամբ են զբաղվում, օրինակ, Հովիկ Աբրահամյանը: Այդ սանկցիաներով չեն վերանա խախտումները, ես չեմ հավատում: Նրան և նման խոշոր արտադրողներին 300 հազար դրամ տուգանքը չի վնասի, այն ընդամենը մրցակցությունից դուրս կթողնի մանրներին»:

Հակադարձելով՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ այս ելույթից հետո իր համար պարզ է դառնում՝ ով է իր դեմ հրապարակումներ պատվիրում մամուլում:

«Փոքր երկիր է, մենք գիտենք, թե մամուլին ով է պատվերներ տալիս։ Իմ մասին հրապարակումներ եղան, թե ես ունեմ ձկների արտադրության բիզնես: Հիմա պարզ է՝ ով է այդ հոդվածների պատվիրատուն: Նման բան անելը հարիր չէ պատգամավորին։ ԶԼՄ-ներում պատվերներ տալու փոխարեն զբաղվեք բարեգործությամբ։ Ես ըմբռնումով եմ մոտենում ձեր մաղձին, բայց ինչքան է այն շարունակվելո՞ւ», – ասել է Հովիկ Աբրահամյանը։

«Այդ մասին հարցրեք Սերժ Սարգսյանին», – պատասխանել է Զարուհի Փոստանջյանը։ Վերջինս փորձել է շարունակել խոսքը, սակայն պատգամավորի խոսափողն անջատել են։