Home / Տեսանյութեր / Պուտինը Հայաստան է գալիս․ նախագահականի մոտից հեռացրեցին բողոքող ընտանիքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պուտինը Հայաստան է գալիս․ նախագահականի մոտից հեռացրեցին բողոքող ընտանիքին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էջմիածնում բնակվող Խուդոյանների ընտանիքը, որը նոյեմբերի 28-ից բողոքի ակցիա է անցկացնում նախագահականի դիմացի մայթին, այսօր ուժով հեռացվել է ակցիայի վայրից։ 06։15-ի սահմաններում 15 քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել են Աշոտ Խուդոյանին, Հեղինե Մակարյանին և նրանց 4 երեխաներին ու, մտցնելով մեքենաները, հեռացրել են։ Անհայտ անձինք տարել են ամուսիններին և 3 մանկահասակ աղջիկներին, բայց չեն նկատել, որ ակցիայի վայրում է նաև էջմիածինցի զույգի 8 ամսական որդին։

Ակցիայի վայրում գտնվող Էմմա Սահակյանը, ով 1,5 տարի նստացույց է անում նախագահականի մոտ, պատմել է, թե ինչպես էին հեռացնում ընտանիքին։

Հետագայում նույն անձինք վերադարձել են ու փորձել են վերցրել նաև երեխային։ Ակցիայի վայրում գտնվող քաղաքացի Լալա Ասլիկյանը քաղաքացիական հագուստով անձից պահանջել է ներկայանալ, սակայն նա հեռացել է։ Դիմացի մայթին հերթապահող ոստիկանները հրաժարվել են միջամտել։ Քիչ անց Էմմա Սահակյանին է զանգահարել Հեղինե Մակարյանը և խնդրել է փոխանցել երեխային կրկին ակցիայի վայր եկած մարդկանց։

Այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը ընտանիքին հեռացնելու են բողոքի ակցիայի վայրից, Խուդոյաններին զգուշացրել էին դեռևս շաբաթ օրը։

Ներկայացված տեսանյութում օգտագործվել են նաև շաբաթ օրը քաղաքացի Լալա Ասլիկյանի կողմից նկարահանված կադրերը, որտեղ Խուդոյանը պատմում է, թե ինչպես են իրենց սպառնացել հեռացնել նախագահականից, ինչպես նաև Ասլիկյանի կողմից այսօր առավոտյան նկարահանված տեսանյութը։

Ավելի ուշ Epress.am-ը հեռախոսով զրուցել է Հեղինե Մակարյանի հետ, ով ասել է, որ ընտանիքին տարել են Էջմիածնի իրենց տուն, ոստիկաններով շրջափակել են և թույլ չեն տալիս դուրս գալ։ 

Նշենք, որ ավելի ուշ ոստիկանները մոտեցել են նաև Էմմա Սահակյանին և իրենց հետ տարել կնոջ իրերի մի մասը։