Home / Հայաստան / Տանից փախուստի դիմած կինը պնդում է՝ ամուսինը երեխաներին որպես զենք է օգտագործում իր դեմ

Տանից փախուստի դիմած կինը պնդում է՝ ամուսինը երեխաներին որպես զենք է օգտագործում իր դեմ

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, 27-ամյա Հասմիկ Խաչատրյանն ասում է, որ ամուսինը, երեխաներին իր մոտ պահելով, իրեն շանտաժի է ենթարկում։

Հասմիկ Խաչատրյանը, ով 9 տարի շարունակ ամուսնու կողմից բռնությունների է ենթարկվել, ամռանը որոշել է փախչել ամուսնու տանից՝ կյանքը փրկելու համար: Այս մասին Խաչատրյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում՝ ներկայացնելով իր ամուսանկան կյանքի մանրամասները:

Նրա խոսքով՝ ամուսնության առաջին տարիներին իր նկատմամբ բռնությունը միայն հոգեբանական բնույթ է կրել. ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը, նախ արգելել է Հասմիկին շփվել քեռու և հորեղբոր որդիների հետ, ապա նաև այցելել ծնողներին: Հետագայում, երբ կինը հղիացել է, ամուսինը սկսել է ծեծել նրան:

«Երբ աղջիկս ծնվեց, մայրս եկավ բարձի, դուռը փակել էին, չէին թողնում գա ինձ ու թոռանը տեսնի: Ծնողներս էլ չէին ուզում, որ բաժանվեմ: Ասում էին՝ բա էրեխեքը: Ասում էին՝ դու այդքան խելոք կին ես, կարող է ամուսինդ խելքի գա»,- ասել է Խաչատրյանը:

Կինը 9 տարվա բռնություններից հետո որոշել է փախուստի դիմել, քանի որ, ըստ նրա, եթե չփախչեր, ապա այժմ կենդանի չէր լինի:

Խաչատրյանը տանից փախել է ամռանը՝ գիշերը 04.00-ի սահմաններում, քանի որ ամուսինը նրան այդ օրը ծեծել էր՝ հարվածելով ձեռքը ընկած ցանկացած իրով, ծխախոտը հանգցնելով կնոջ վրա:

«Այդ գիշեր ես փախա: Մեր գյուղում մի գետ կար, թաքնվեցի այդ գետի շուրջ գտնվող խոտերի մեջ: Ամուսինս ինձ էր փնտրում ամբողջ գիշեր, իմ հոր տուն էլ էր գնացել։ Հաջորդ օրը հայրս ինձ բերեց Երևան՝ Հանրապետական հիվանդանոց: Ականջս չէր լսում, քիթս ջարդված էր: Ես բժիշկներին ասացի, որ ընկել եմ: Չհավատացին: Զանգեցին մեզ մոտ՝ Գավառում քրեական գործ հարուցվեց: Սկեսուրս զանգեց, խնդրում էր, որ բողոքս հետ վերցնեմ, ասում էր՝ դու մեր ընտանիքը խայտառակում ես, հետ արի, ընկի ամուսնուդ ոտերը»,- պատմել է Հասմիկ Խաչատրյանը:

Տանից փախչելուց ի վեր՝ Հասմիկ Խաչատրյանը ապրում է Կանանց աջակցման կենտրոնի կացարաններում՝ դստեր հետ: Խաչատրյանը պատմել է, որ ամուսինը երբեմն գալիս է աղջկան տեսնելու: Նոյեմբերի 26-ին Սարգիս Հակոբյանն իրեն հանդիպել է երեխայի դպրոցի բակում: Կինը խնդրել է մի օր էլ որդուն բերել, որպեսզի ինքը տեսնի. որդին շարունակում է ապրել հոր հետ:

«Ամուսինս ասեց՝ երեխաներիդ դեմքը կտեսնես, եթե հետ վերցնես բողոքդ»,- ասում է Խաչատրյանը:

Այս նախադասությունն է հիմք հանդիսանում, որպեսզի Խաչատրյանը համոզված լինի, որ երեկ իրենց դստերը՝ Վարսիկին, ամուսինը տարել է դպրոցից՝ իրեն շանտաժ անելու և բողոքը հետ վերցնել ստիպելու համար: Սարգիսը գնացել է լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, դասերի ավարտից երկու ժամ առաջ և վերցրել է երեխային:

Ինչպես Epress.am-ին է հայտնել դպրոցի տնօրեն Աշոտ Ավետիսյանը, երեխայի հայրն ասել է, որ պայմանավորված է բժշկի հետ և խնդրում է երեխային այդ օրը շուտ վերցնել դպրոցից:

«Այդ օրն առաջին անգամ չէր, որ հայրն էր եկել երեխայի հետևից: Եղել է նաև, որ ինքն ու կինը միասին են եկել: Այդ պատճառով որևէ տարօրինակ բան չտեսանք և տվեցինք երեխային»,-ասել է Ավետիսյանը:

Հասմիկը պատմել է, որ ամուսինը նույն օրը երեկոյան հերախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է Հասմիկին զրկել մայրական իրավունքներից: Ամուսինն ասել է նաև, որ երեխայի վրա կապտուկներ կան:

Դպրոցի տնօրենը մեզ ասել էր, որ այդ օրը երեխան շատ լավ էր, որևէ դժգոհություն չուներ:

«Ուղղակի նա երեխաներին դարձրել է զենք իմ հետ: Ինձ շանտաժ անելու միջոց, սպառնալու միջոց»,- Epress.am-ին ասել է Հասմիկ Խաչատրյանը: