2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ջրծաղիկից մահացած զինվորի հայրն ու փաստաբանը լքել են դատական նիստը

2011թ. բանակում ջրծաղիկից զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան դեպքի գործով այսօրվա նիստում հարցաքննվել է ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, ով ամբաստանյալի աթոռին հայտնված բժիշկներին կոչ է արել ներողություն խնդրել և հարցը լուծել բարոյական ճանապարհով, այլ ոչ թե դատարանում, հայտնում է «Փաստինֆո»-ն:

Արա Ասոյանը պարզաբանել է, որ ջրծաղիկը համարվում է մանկական հիվանդություն. դրա վարակելիությունը կազմում է 30 տոկոս, մեծահասակները շատ ավելի ծանր են տանում այն: Ջրծաղիկի 4-5 տոկոսի դեպքում է բուժում պահանջվում հիվանդանոցում, մյուս դեպքերում հնարավոր է բուժվել տնային պայմաններում:

Հանրապետոթյան գլխավոր վարակաբանը նշել է, որ մինչ ջրծաղիկով վարակվելը Հայկ Խաչատրյանն ունեցել է դիմային ներվի բորբոքում, ստացել է հորմոնալ բուժում, և այդ պատճառով օրգանիզմի դիմադրողականությունը ընկած է եղել: Ըստ ՀՀ գլխավոր մասնագետի՝ եթե հիվանդի մոտ զարգանում են ջրծաղիկի վիսցեռալ ձևերը,  այն բուժել հնարավոր չէ: Շատ երիտասարդներ արդեն իսկ վարակված զորակոչվում են բանակ, քանի որ չկա  դա պարզող անալիզ,  երկրում չկա նաև ջրծաղիկի դեմ պատվաստում:

Տուժողի իրավահաջորդը դատարանում հայտարարել է, որ Ասոյանը իրեն ասել է՝  եթե շուտ բերեին, կփրկվեր: Ասոյանն էլ իր հերթին հերքել է, որ ինքը նման բան է ասել և հավելել, որ ասել է «եթե այսօր էլ երեխային ոչինչ չպատահի, ուրեմն համարի, որ կփրկվի»:

Նա նաև նշել է, որ հոսպիտալում բժիշկները կասկածել են, որ Հայկը աղիքային խնդիր է ունեցել, և այս ցավերը բժիշկները կապել են աղիքային հիվանդության հետ,  և ոչ ոք չէր կարող ասել, որ զարգանում է ջրծաղիկի վիսցեռալ ձևը:

Որդեկորույս հայրը առանց նախագահողի թույլտվության զայրացած լքել է դատական նիստերի դահլիճը, վերջինիս ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը ևս հետևել է նրան:

Կայքը հիշեցնում է, որ ամբաստանյալ բժիշկները դիմում են ներկայացրել իրենց նկատմամբ կիրառել համաներման ակտ:

Հաջորդ՝ դեկտեմբերի 5-ին կայանալիք նիստին մեղադրողն այդ միջնորդության  վերաբերյալ կհայտնի իր դիրքորոշումը: