Home / Հայաստան / Կոստանյանի հետ հանդիպումից հետո հարցը չի լուծվել. բազմազավակ ընտանիքը կրկին նախագահականի դիմաց է

Կոստանյանի հետ հանդիպումից հետո հարցը չի լուծվել. բազմազավակ ընտանիքը կրկին նախագահականի դիմաց է

Էջմիածնում բնակվող Խուդոյանների բազմազավակ (ամուսիններ և 4 երեխա) ընտանիքը վերսկսել է նստացույցը նախագահական նստավայրի դիմաց: Ընտանիքի հայրը՝ Աշոտ Խուդոյանը, Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ևս մեկ անգամ պնդում է, թե քրեական գործը Էջմիածնից պետք է Երևան տեղափոխվի, քանի որ Էջմիածնի դատախազությունից որևէ հույս չունեն: Հիշեցնենք, որ Խուդոյանը պնդում է, թե իր քույրը կեղծել է պապական կտակը և տան մի մասի իրավունքը նա չունի։ Երկու շաբաթ առաջ Խուդոյանը նախագահական նստավայրի դիմաց կարել էր բերանը, նրան ուժով տարել էին հոգեբուժարան, որից հետո բաց էին թողել։ Հաջորդ օրը Խուդոյանին ընդունել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ինչից հետո Խուդոյանը քանդել էր բերանի կարերը և դադարեցրել նստացույցը։

Այսօր նա պատմել է, որ իր հանդիպումը Գևորգ Կոստանյանի հետ ցանկալի արդյունք չի տվել: Համաձայն Խուդոյանի, նախ Կոստանյանը խոստացել է, որ գործը կվերաքննվի, բայց գործը մնացել է Էջմիածնում՝ նույն դատախազի մոտ:

«Դատախազը՝ Կորյուն Ներսիսյանը, նախ ասում էր՝ քաղաքացիները օրենքից հասկանում են, հետո «Սուր անկյունով» ելույթ է ունեցել, ասում է՝ Աշոտ Խուդոյանի պնդումները անհիմն են: Մենք մինչև վերջ շարունակելու ենք մեր նստացույցը»,- ասել է Խուդոյանի կինը՝ Հեղինե Մակարյանը: 

Կինը պատմել է, որ իրենք երեկ ևս եկել էին հանդիպելու Գևորգ Կոստանյանի հետ, սակայն նրանց ասել են, որ Կոստանյանը ընդմիջման է, և մի ժամ սպասելուց հետո Խուդոյանները վերադարձել են էջմիածին:

Աշոտ Խուդոյանի խոսքով՝ սոցիալական ծանր վիճակն է պատճառը, որ իրենք դադարեցրել էին նստացույցը, քանի որ երեխաներին կերակրելու խնդիր կա: Սակայն հիմա կնախընտրեն վերջնական մերժում ստանալ, քան գնալ-գալ: Ըստ Խուդոյանների՝ նոյեմբերի 5-ին իրենք նամակ են գրել նախագահական, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: