Home / Հայաստան / Արկադի Վարդանյանը ցանկանում էր պայթեցնե՞լ Սերժ Սարգսյանին. թերթը՝ քրեական գործի մասին

Արկադի Վարդանյանը ցանկանում էր պայթեցնե՞լ Սերժ Սարգսյանին. թերթը՝ քրեական գործի մասին

Քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանին և նրա ընկեր Արսեն Ավետյանին, որոնք ձերբակալվել են վերջինիս հորը թունավորելու փորձ կատարելու մեղադրնաքով, սկսել են հետևել՝ կասկածելով, որ նրանք պետական հեղաշրջում են նախապատրաստում և որոշել են պայթեցնել ՀՀ բարձրաստիճան ղեկավարներին։ Այս մասին «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում գրում է Սյուզան Սիմոնյանը՝ նշելով, որ իրեն հաջողվել է ծանոթանալ Վարդանյանի դեմ հարցուցված քրեական գործին:

«Մայիսի 18-ից սկսած, երբ ձերբակալվեց քաղաքագետ, գործարար Արկադի Վարդանյանը, և հետագայում, երբ ի հայտ եկան նրա և ընկերոջ՝ Արսեն Ավետյանի զրույցների ձայնագրությունները, հարց առաջացավ, թե ինչու է ԱԱԾ-ն գաղտնալսել Վարդանյանին։ Վարկած կար, որ Արսեն Ավետյանի հորը թունավորելու երկու ընկերների հրեշավոր մտադրության մասին ԱԱԾ-ին է հայտնել հենց Արսեն Ավետյանի հայրը՝ այդ ծրագրի զոհ Ռոբերտ Ավետյանը։ Սակայն հետագայում պարզվեց, որ նա ոչ միայն չի արել նման թան, այլև չի ընդունում, որ իր որդին կարող էր իրեն թունավորել», – գրում է Սիմոնյանը։

Հոդվածագիրը նշում է, որ պետական հեղաշրջման նախապատրաստվող փորձի մասին ԱԱԾ-ին հայտնել է ոմն Սամվել Կուռոյանը։ Նա հաղորդել է, որ Արկադի Վարդանյանը և նրա ընկերը՝ «Արսեն անունով բարձրահասակ, գեր տղամարդը», ահաբեկչական ակտ են նախապատրաստել ՀՀ բարձրագույն ղեկավարության դեմ։ Այս մարդը հետագայում ոչ հարցաքննության է կանչվել, ոչ առերեսումների, ոչ էլ այն մարդիկ են հարցաքննվել, որոնց անունները նա տվել է:

Թերթը նշում է, թե Կուռոյանի հաղորդման համաձայն, Արկադի Վարդանյանն իրեն ասել է, որ ծրագրում է ավելի կտրուկ գործողությունների դիմել՝ պայթեցնելու միջոցով վերացնել Սերժ Սարգսյանին և Հայաստանի մի շարք բարձրաստիճան ղեկավարներին: Կուռոյանը նույնիսկ նկարագրել է պայթյունի սցենարը, որի համաձայն՝ այն պետք է իրականացվեր 2013 թվականի մայիսի 9-ին, երբ Սերժ Սարգսյանը այցելելու էր Եռաբլուր: Կուռոյանի համաձայն, Վարդանյանի հետ զրույցի ժամանակ ներկա ազատամարտիկ Արմեն Աբրահամյանը և ինքը հրաժարվել են մասնակցել Վարդանյանի ծրագրին: Բացի դա, Կուռոյանը գնացել է ԱԱԾ և պատմել է այդ մասին ԱԱԾ ավագ քննիչ Աղաջանյանին:

Հոդվածագիրն ընդգծում է, որ Արսեն Ավետյանի փաստաբան Գևորգ Մելքոնյանը պնդում է, որ քրեական գործում կան նաև Արկադի Վարդանյանի և Ավետյանի զրույցների գաղտնալսումները հեղաշրջման փորձի մասին:

«Հետագայում քննչական մարմինը համարել է, որ այդ խոսակցությունները օդ են, որ այստեղ հանցակազմ չկա, և դրանք մեղադրանքում չեն արտացոլվել», – ասել է փաստաբանը:

Եզրափակելով հոդվածը՝ Սյուզան Սիմոնյանը հարց է բարձրացնում՝ եթե Կուռոյանի ցուցումնքերը կեղծ են , ինչու Կուռոյանին սուտ մատնության համար մեղադրանք չեն առաջադրել, իսկ կենցաղային հողի վրա սպանության փորձը չի փոխանցվել ոստիկանություն, այլ մնացել է ԱԱԾ վարույթում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում