Home / Հայաստան / Շանթ Հարությունյանին չեն ծեծել, պնդում է ՀՔԾ-ն՝ հավատալով ոստիկանապետին

Շանթ Հարությունյանին չեն ծեծել, պնդում է ՀՔԾ-ն՝ հավատալով ոստիկանապետին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումը, որով վերջինս պահանջում էր քննություն սկսել Շանթ Հարությունյանի հայտարարության հիման վրա: 

Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին ոստիկանապետի և նրա տեղակալի կողմից ծեծի ենթարկելու մասին հայտարարության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցի: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ի կայքը՝ պարզաբանելով, որ գործ գարուցելը մերժվում է հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ ներկայացրած դիմումի մեջ գրել էր, որ Շանթ Հարությունյանը հայտնել է իրեն, թե ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա տեղակալ Հունան Պողոսյանը իրենց նկատմամբ բռնություն են կիրառել, սպառնացել են ու հայհոյել:

«ԱԺ պատգամավորի գրության կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Շանթ Հարությունյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց՝ իր փաստաբանի ներկայությամբ հայտնելով և անձամբ արձանագրելով, որ դրա պատճառն այն է, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի ԿԳԲ-ի պատվերով՝ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար, որը պայմանավորված է իր քաղաքական և գաղափարական հայացքներով: Իսկ Վարդան Վարդանյանը հրաժարվել է բացատրություն տալուց, հարցերին պատասխանելուց և իր նման դիրքորոշման պատճառը նշելուց:

Դատաբժշկական փորձաքննությունների կատարման ընթացքում Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը հայտարարել են, որ իրենց մոտ հայտնաբերված առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքները ստացել են Մաշտոցի պողոտայում քաշքշուկի ընթացքում: Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի մասնակցությամբ տարբեր ժամանակ կատարված մի շարք դատավարական գործողություններին մասնակցած ընթերակաները բացառել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում ՀՀ ոստիկանապետի ու նրա տեղակալի շփումը Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հետ, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ բռնություն կամ ապօրինի այլ նորգործություն կիրառվելու հանգամանքը: Հիշյալ հանգամանքը հերքել են նաև Վ. Գասպարյանն ու Հ. Պողոսյանը, ինչպես նաև այն անձինք, ովքեր Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելուց հետո մշտապես շփվել կամ քրեադատավարական բնույթի գործողություններ են իրականացրել նրանց հետ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Շանթ Հարությունյանը և մյուս ձերբակալվածները ՄԻՊ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնել: Ձերբակալման անձանց պահման վայրում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ձերբակալված Շանթ Հարությունյանին կատարած մի քանի այցելությունների ընթացքում վերջինս որևէ բողոք չի ներկայացրել ՀՀ ոստիկանապետի և նրա 1-ին տեղակալի կողմից բռնության ենթարկվելու առնչությամբ»,- ասված է ՀՔԾ-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ երեկ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք պաշտպանյալի նկատմամբ բռնություն են կիրառել, ասել է, որ Հարությունյանն այդ մասին շուտով կծոսի: Երեկ դատարանը որոշում է կայացրել Շանթ Հարությունյանին երկու ամսով տեղափոխել հոգեբուժարան՝ դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար: