Home / Հայաստան / Վերամբարձ կռունկը հարվածել է մեքենային. Սայաթ Նովայի փողոցում շինարարությունը շարունակվում է

Վերամբարձ կռունկը հարվածել է մեքենային. Սայաթ Նովայի փողոցում շինարարությունը շարունակվում է

Սայաթ-Նովա 10-12 հասցեում նախկին կաթսայատան տեղում օրեր առաջ սկսված շինարարական աշխատանքները տարածքի բնակիչներին լուրջ անհանգստություններ ու անհարմարություններ են պատճառում։ Այս մասին երեկ կեսօրին ասել է Epress.am-ի խմբագրություն զանգահարած բակի բնակչուհի Հռիփսիմե Պետրոսյանը: Նա նշել է, թե բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատողը իրենց կամքին հակառակ վերամբարձ կռունկ է մտցրել բակ։ Հիշեցնենք, որ բնակիչները պայքարում են «Լարկո գրուպ» ընկերության կողմից կառուցվող շենքի դեմ, որը փակելու է բակ տանող մեքենայի ճանապարհը:

«Սա արդեն աններելի է՝ կռանը բերել են ու քանդում են ավտոտնակը, որը ոչ մի կապ չունի իրենց շենքի հետ, սա հերթական ապօրինությունն է ու բնակիչները դա թույլ չեն տա», – ասել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝  առաջին իսկ օրից իրենք զգուշացրել են շինարարական աշխատանքներին հետևող ոմն Կարենին, որ տարածքը հսկվելու է բնակիչերի կողմից ու ցանկացած ծանր տեխնիկայի մուտքը բակ խոչընդոտվելու է։

Կարենը, ում ազգանունը բնակիչները չգիտեն, սակայն անվանում են «Լարկոյի մուսկուլ Կարեն», խոստացել է, որ բնակիչներին չեն նյարդայնացնի ու «գործը գլուխ կբերեն» սեփական ուժերով՝ առանց տեխնիկայի, սակայն երեկ, խոստմանը հակառակ, կռունկը «մի կերպ մտել է տարածք», իսկ դուրս գալուց հարվածել է շենքի բնակիչների շահերը ներկայացնող փաստաբան Ալբերտ Կանդալյանի մեքենային»։

Կարենը փորձել է հանգստացնել զայրացած բնակիչներին ու փաստաբանի հետ բավական երկար բանակցելու ընթացքում վերջինիս գումար է առաջարկել՝ «մենակ թե չբողոքի»։

Փաստաբանը, սակայն, չի համաձայնել նրա առաջարկին, ինչի արդյունքում, բնակիչների խոսքով՝ առաջարկվող գումարի չափը զգալիորեն բարձրացել է։

«Մինչ մի քանի ժամ անց ԱՊՊԱ-ն կգար, առանց այն էլ շարժվելու տեղ չեղած բակում էնպիսի մի խցանում էր առաջացել, որ բնակիչներին  անցնելու արանք էլ չէր մնացել», -պատմել է Պետրոսյանը։

Մեր զրուցակիցը նաև ընդգծել է, թե մի քանի անգամ զանգահարել են  ոստիկանություն և  օգնություն խնդրել, սակայն ահազանգի հետքերով որևէ ոստիկան բակ չի գնացել։